Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին կարգավորման հարցում. Գալուզին

15 Հոկտեմբերի 2025, 13:00

Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու Մոսկվայի առաջարկը մնում է ուժի մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

«Ուժի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու մեր առաջարկը»,- ասել է նա։

Գալուզինը հավելել է, որ ռուսական կողմը առանձնահատուկ նշանակություն է տալիս երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ակնհայտ է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, որպեսզի գաղափարները կյանքի կոչվեն։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մնացած տարաձայնությունների հաղթահարման գործում, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները»,- նշել է նա։

Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանը մեծ և արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացում։

Նա նաև նշել է, որ Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից։ Դիվանագետը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին։ «Մենք կողմ ենք երկու կողմերի շուտափույթ հաշտեցմանը և պատրաստ ենք հետագայում ևս աջակցել այս ուղղությամբ հայ և թուրք գործընկերների ջանքերին»,- նշել է Գալուզինը։