Արման Ավանեսյանը և Գոռ Հարությունյանը՝ սամբոյի ԱԱ-2025-ի բրոնզե մեդալակիրներ
09 Նոյեմբերի 2025, 17:15
Բիշքեկում ընթացող սամբոյի աշխարհի 2025թ. առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է մրցաշարի առաջին մեդալները: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ, մարտական սամբո) և Գոռ Հարությունյանը (88 կգ, մարզական սամբո):
Ավանեսյանը հաղթանակներ է տարել Ղազախստանի և Մոնղոլիայի մրցակիցների նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է Սեյդու Նջի Մուլուխին: Մրցաշարի արդյունքներով նա նվաճել է բրոնզե մեդալ։
Հարությունյանը մրցաշարը սկսել է Թուրքիայի և ԱՄՆ-ի սամբիստների նկատմամբ հաղթանակներով, սակայն քառորդ եզրափակչում պարտվել է ռուսաստանցուն: Այնուհետև Հարությունյանը հաղթել է Ղազախստանի և Վրաստանի մրցակիցներին, ինչը նրան թույլ է տվել բարձրանալ պատվանդանի երրորդ աստիճան:
Ավանեսյանի և Հարությունյանի մեդալները Հայաստանի հավաքականի համար առաջինն էին Ղրղզստանում կայացած ԱԱ-2025-ում: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 9-ին: