ՀԲ-ն ՀՀ-ի համար 2025 թ․ կտրվածքով կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 % աճ

23 Նոյեմբերի 2025, 10:30

Տնտեսություն և Բիզնես

Համաշխարհային բանկը Հայաստանում 2025 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 5,2 %, իսկ 2026 թվականին՝ 4,9 % աճ: Այս մասին ասվում է Հայաստանի տնտեսության վիճակի մասին ՀԲ հերթական զեկույցում (Country Economic Update):

Կանխատեսումը չի ներառում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի` օգոստոսի 8-ի համաձայնագրերը և դրանց կնքմանը հաջորդած իրադարձությունները (Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան հացահատիկի մատակարարումը):

ՀԲ-ի աճի կանխատեսումները մոտ են Հայաստանի կառավարության կանխատեսումներին, որը 2026-2028 թվականների համար կանխատեսում է 5,3 % միջին աճ:

Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա օգոստոսի վերջի դրությամբ այն կազմել է 2024 թվականի ՀՆԱ-ի 47,7 %-ը (այսինքն՝ ՀՆԱ-ի 50 % նիշից ցածր)։

Նշվում է, որ 2026-2027 թվականներին կավելանա ներդրումների դերը տնտեսական աճի ապահովման գործում՝ ի հաշիվ ինչպես պետականաշինության, այնպես էլ բիզնեսի տեխնոլոգիական վերազինմանն ուղղված աջակցության միջոցների: