Թույլ չենք տա Հայաստանը վերածել Ալիևի սատելիտի. Նարեկ Կարապետյան

05 Նոյեմբերի 2026, 00:03

Քաղաքականություն

Այսօր պետք է տեղի ունենար այս հանդիպումը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Մենք նախաձեռնեցինք, իսկ իրենք պրևենտիվ քայլեր արեցին, որպեսզի կարողանան սահմանափակել Սամվել Կարապետյանին համազգային համախմբումը սկսելու պրոցեսում ։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ չնայած քաղաքական տարբեր ուժերի հետ ունեցած տարակարծություններին և անցած տարբեր ճանապարհներին, ի վերջո հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի։ Խմբակցության ղեկավարն առանձնացրել է չորս հիմնական սկզբունք, որոնց շուրջ ձևավորվել է համաձայնությունը, և նույնն առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին.

Ալիևյան սահմանադրության մերժում,տ արածքային զիջումների մերժում, ազգային արժեքների և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարության հետաձգման կանխարգելում և Հայաստանում իրական ժողովրդավարական արժեքների վերականգնում։

«Այսօրվա առաջնային խնդիրը տարածքների հարցն է, որի շուրջ կոչ եմ անում միավորվել բոլոր հասարակական գործիչներին։ Կարող ենք լինել տարբեր ճանապարհներով գնացող մարդիկ, ունենալ տարբեր առաջնահերթություններ, բայց պետք է միավորվենք, որպեսզի թույլ չտանք Հայաստանը վերածել Ալիևի սատելիտ երկրի։ Դրանից հետո բոլորս մեր ճանապարհով կշարունակենք, բայց այստեղ համախմբում է պետք»,- ընդգծել է պատգամավորը։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ կիրառվելու են Սահմանադրությամբ թույլատրվող բոլոր հնարավոր միջոցները։ Նա հավելել է, որ հասարակական գործիչների և հանրության համար ազդեցիկ կարծիք ունեցող անձանց հետ հանդիպումներն ու գործընթացները կրելու են շարունակական հարցեր.

«Հաջորդ քայլը հասարակական գործիչների հետ այս կոնսենսուսին գալն է, որից հետո արդեն կանդրադառնանք մյուս քայլերին։ Այն մարդիկ, ում կարծիքը հանրության համար կարևոր է, պետք է միավորվեն մեզ հետ, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր երկիրը»։