Վրթանես Սրբազանի դեմ հնարավոր է կnմպրոմատներ կան․ Ռոման Երիցյան

30 Նոյեմբերի 2025, 17:08

Քաղաքականություն

Մի խումբ մարդիկ այսօր հավաքվել էին Երևանի Արցախի թեմի առաջնորդարանի մոտ. նրանք հանդիպում էին ցանկանում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Հավաքվածները սրբազանից ցանկանում էին պարզաբանում ստանալ, թե ինչու է նա օրեր առաջ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սակայն Արցախի թեմի առաջնորդարանի դուռն այսօր փակ էր։ Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը տեղում զանգեց Վրթանես սրբազանին, սակայն նրա զանգերն անպատասխան մնացին։

«Արցախի թեմի առաջնորդը բարոյական իրավունք չունի հանդիպելու այն մարդուն, ով պատասխանատու է Արցախի հանձման գործում։ Վրթանես Սրբազանի դեմ հնարավոր է կոմպրոմատներ կան, թե ինչպիսիք, ես չգիտեմ։ Գուցե շանտաժ են արել, պարզաբանում պետք է ներկայացնի, թե ինչ է եղել»,– լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի եպիսկոպոսներ հանդիպման են գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց հետ նաև Վրթանես սրբազանն է եղել։