Կարապետյաններն իրենց գործունեությամբ ցույց են տվել՝ արարող, մնայուն արժեք ստեղծող են. Տիգրան Բադոյան

02 Դեկտեմբերի 2025, 20:00

Քաղաքականություն

Վանաձորում հոկտեմբերին բացված «Մեր ձևով» ժողովրդական շարժման 2 գրասենյակների պատասխանատուները ակտիվ աշխատանքներ են տանում քաղաքացիների հետ, հավաքագրում քաղաքին առնչվող խնդիրները, լսում բնակիչների առաջարկներն այդ խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:

«Բացի այն, որ քաղաքացիներն աջակցություն են հայտնում «Մեր ձևով» շարժմանը, մարդիկ ներկայացնում են իրենց հուզող տարբեր հարցեր և այդ խնդիրների մասին իրենց մոտեցումները: Այդ խնդիրները բազմաշերտ են. իրավական, սոցիալական, համայնքային ու համապետական նշանակության: Այդ խնդիրներից ամենատարածվածը աշխատատեղերի բացակայությունն է: Բնակիչները հետաքրքրվում են, թե մեր ծրագրերում ինչ տեղ ու նշանակություն ունի տնտեսական, սոցիալական կոմպոնենտը: Վանաձորում բազմաթիվ խնդիրներ կան նաև ժողովրդագրական ցուցանիշների հետ կապված, օրինակ՝ աշխատանքով պայմանավորված արտագաղթ կա»,- Alpha News-ի հետ զրույցում նշեց «Մեր ձևով» շարժման Վանաձորի գրասենյակներից մեկի ղեկավար Տիգրան Բադոյանը:

Որ քաղաքացին արտագաղթի մասին չմտածի, ըստ Տիգրան Բադոյանի՝ պետք է գործ ու կայուն եկամուտ ունենա:

«Նարեկ Կարապետյանը, երբ այցելում է տարբեր համայնքներ, խնդիրների վերհանման արդյունքում ներկայացնում է յուրաքանչյուր բնակավայրին բնորոշ արտադրական, տնտեսական ծրագրեր, օրինակ, կառուցել գործարաններ, մարդկանց զբաղվածության, կայուն եկամուտների խնդիրները լուծել: Ինչո՞ւ են մեր հայրենակիցներն այսօր գնում արտագնա աշխատանքի, որովհետև դրա դիմաց ստանում են վարձատրություն և սոցիալական խնդիրների լուծում:
Հիմա եթե մարդն այդ խնդիրները կարողանա լուծել իր համայնքում, արտագնա աշխատանքի մասին խոսելն արդեն անիմաստ կլինի: Երբ մարդն ունենում է զբաղվածություն և կայուն եկամուտ, նա կապվում է այդ տարածքի հետ: Այնպես չի, որ սրանք լոկ խոսքեր են, տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ Կարապետյանների ընտանիքը բազմատեսակ արտադրական, տնտեսական ծրագրեր են իրականացրել և շարունակելու են իրականացնել:
Նույնիսկ Սամվել Կարապետյանի անազատության մեջ գտնվելու պայմաններում, տեսանք, որ նրա զավակները սպորտային համալիր, կրկեսի շենք բացեցին: Անկախ ժամանակահատվածից, այն բոլոր ծրագրերը, որոնք ներկայացրել են Կարապետյանների ընտանիքը, բոլորը կյանքի են կոչվել և կյանքի են կոչվելու: Իրենք իրենց գործունեությամբ ցույց են տվել, որ ստեղծող, արարող, մնայուն արժեք ստեղծող ընտանիք են»,- ասաց Տիգրան Բադոյանը:

«Մեր ձևով» շարժման 5 ուղղություններից մեկն էլ կրթական համակարգի զարգացումն է: Թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ նրա եղբորորդին՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կարևորում են կրթության նշանակությունը, քանի որ սերում են մանկավարժների ընտանիքից:

«Կարապետյանները մանկավարժների ընտանիքից լինելու պատիվը շատ մեծ պատասխանատվությամբ են կրում: Դրա մասին վկայում է Նարեկ Կարապետյանի բարեկիրթ լինելը, հանրության առաջ նրա հանդես գալն ու ցույց տված մոտեցումը: Նույնիսկ հունիսի 17-ին, երբ նախապատրաստվում էր Սամվել Կարապետյանի կալանավորման գործընթացը, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, Սամվել Կարապետյանն ասաց, որ լինելով մանկավարժի զավակներ, իրենք իրավունք չունեն իջնելու իշխանության մակարդակին ու նրանց պատասխանել այդ նույն ոճով: Սա խոսում է այն մասին, որ մանկավարժի պատիվը Կարապետյանները մեծ պատասխանատվությամբ են կրում: Նրանք իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ կրթական ծրագրեր են իրականացրել, դրա մասին վկայում են Լոռու մարզում և այդ մարզից դուրս կառուցված մանկապարտեզները, որոնք ժամանակակից հագեցվածություն ունեն: Մենք նաև երիտասարդության ոլորտին վերաբերող ծրագրեր ենք ունեցել, երբ ուսանողների համար կազմակերպվում էր մարզից դուրս եռօրյա հանգիստ-հավաքներ: Մենք նաև ծրագիր ունենք, որով բացահայտում ենք տաղանդավոր երիտասարդների: Յուրաքանչյուր երիտասարդ, որն ունի ունակություններ, դրանք զարգացնելու հնարավորություններ ու ցավոք ունենում է ֆինանսական դժվարություն, «Մեր ձևով» շարժումն աջակից է լինելու նրա հաջողության հասնելուն»,- հավելեց Տիգրան Բադոյանը: