Հայաստանի վրա փորձարկում է սկսվել 7 տարի առաջ. Արա Բաբաջանյան
08 Դեկտեմբերի 2025, 23:20
«Առնո Բաբաջանյան» հիշատակի հիմնադրամի նախագահ, դերասան և երգիչ Արա Բաբաջանյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է իշխանությունների հարձակումներին Հայ Առաքելական եկեղեցու վրա, հայտնի բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությաը և հայ-ռուսական հարաբերություններին։
«Այն ամենն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին 7 տարիներին, տխուր է և հանգեցնում է ծանր հետևանքների։ Սխալ էր մարդկանց բաժանելը «սևերի» և «սպիտակների». մեր ժողովրդի համար դա հանցագործություն է։ Այժմ փորձում են սեպ խրել մեր կրոնի մեջ, որը դարեր շարունակ օգնել է մեզ գոյատևել որպես ազգ և որպես պետություն։ Այն մի ուժ էր, որը թույլ էր տալիս ժողովրդին դիմակայել և դիմադրել հարձակումներին, նույնիսկ խորհրդային տարիներին մնում էր հիմք։ Իսկ ներկայիս հակադրությունը՝ «սևեր և սպիտակներ», «քրիստոնյաներ և ոչ քրիստոնյաներ», միայն թուլացնում է մեզ։ Հնարավոր է, որ հենց դրա համար էլ 7 տարի առաջ սկսվել է փորձարկումը մեր ժողովրդի վրա։ Դա լավ հետևանքներ չի ունենա»,- նշել է Բաբաջանյանը։
Նա նաև մեկնաբանել է ՀՀ իշխանությունների արշավը եկեղեցու դեմ և հայտնի բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։
«Գուցե դա ինչ-որ մեկի պատվերն է։ Կան ուժեր, որոնք փորձում են թուլացնել մեզ։ Երբ մարդը հավատ չունի՝ նրան հեշտ է կառավարել։ Հավատացյալների մտքերում ստեղծվում է քաոս, և այդ պատրվակով կարելի է պարտադրել ցանկացած պատմություն՝ սպիտակը կոչելով սև, իսկ սևը՝ սպիտակ։ Ինչ-որ մեկին կարող է դուր չգալ այս կամ այն անձը, բայց եկեղեցին ինստիտուտ է, որը պետք է հարգել։ Պատմությունը ցույց է տալիս, որ հենց դրա շնորհիվ ենք մենք պահպանվել որպես ժողովուրդ և այսօր կարող ենք մեզ դիրքավորել որպես հայեր։ Ցավալի է, որ մի հարգված մարդ, ով մեծ բարձունքի է հասել շնորհիվ իր տաղանդի, այսօր հետապնդվում է։ Սամվել Կարապետյանն, ապրելով Ռուսաստանում, օգնում է հայկական մշակույթի և արվեստի առաջխաղացմանը, աջակցում է հայրենակիցներին և նրանց բիզնեսին։ Նման մարդկանց կարելի է միայն հարգել ու շնորհակալություն հայտնել։
Ես մոտիկից ծանոթ չեմ պարոն Կարապետյանի հետ, բայց ամեն անգամ համոզվել եմ՝ նա անշահախնդիր ծառայում է ազգին ու ժողովրդին։ Իսկ նրա դեմ հարուցված քրեական գործերը պարզապես ծիծաղելի են։ Ժողովրդավար հասարակությունում անհնար է, որ մարդուն կալանքի տակ պահեն եկեղեցուն աջակցելու համար։ Դա նորմալ չէ։ Օրենքի և արդարադատության առկայության դեպքում սա անթույլատրելի է»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին և հակառուսական տրամադրություններին, Բաբաջանյանը նշել է, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
«Նույնիսկ չեմ ուզում կրկնել այն նարատիվները, որոնց մասին խոսում է վարչապետը, մեկնաբանել չեմ ուզում։ Ես կարող եմ ասել այլ բան. իմ պապը կռվել է Սարդարապատի ճակատամարտում, նրա հետ կռվել են նրա ընկերները։ Նա անցել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Այնտեղ եղել են տարբեր ազգությունների մարդիկ՝ ռուսներ, եզդիներ, վրացիներ։ Նրանք բոլորը համախմբվել էին՝ դիմակայելու Օսմանյան Թուրքիայի ագրեսիային։ Ես լսել եմ, որ Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Եվրամիության ներկայացուցիչների, այդ թվում՝ տիկին Կալլասի հետ։ Նա առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
Ես զարմանում եմ, քանի որ եթե Հայաստանը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ, գուցե Երևանին համոզել են, վճարել են, չգիտեմ, բայց Ռուսաստանի համար դա խայթոցի նման կլինի, իսկ Հայաստանի համար հետևանքները լուրջ կլինեն։ Չէ՞ որ մեր բյուջեի մուտքերը մեծապես կապված են Ռուսաստանի միջոցով ապրանքների արտահանման և տարանցման հետ։ Եթե դա փակվի, մեր ժողովրդի համար ավելի հեշտ չի լինի։ Դա քաղաքական մարմնավաճառություն է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Դավաճաններին ոչ մի տեղ չեն հարգում, իսկ հետագայում նրանց հետ վատ են վարվում։ Նման կապերի խզումը վտանգավոր է։ Ալիևը վերջերս նույնպես սկսել է տարածել այն նարատիվը, թե, իբր, Ադրբեջանի օկուպացիա է եղել։ Բայց չէ՞ որ նրա հայրը օկուպանտների հանցակիցն էր՝ ղեկավարում էր ԿԳԲ-ն, առաջին քարտուղարն էր։ Այսօր դրա մասին խոսելը լուրջ չէ։ Դա որոշակի պատվեր է, որը փորձում են պարտադրել ԶԼՄ-ների միջոցով։ Ցավոք, շատ մարդիկ ենթարկվում են։ Կոնֆորմիստները միշտ էլ շատ են եղել յուրաքանչյուր երկրում»,- նշել է նա։