ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ԵՄ-ից պարզաբանումներ է պահանջել հայաստանյան ընտրական գործընթացին միջամտելու վերաբերյալ
17 Դեկտեմբերի 2025, 19:26
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը բաց նամակով դիմել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասին:
«ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Եվրոպական միության կողմից առաջարկվող քաղաքականությունը և հանձնակատար Կայա Կալասի վերջերս արած հայտարարությունները՝ կապված Հայաստանում ընտրական գործընթացին ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական աջակցության հետ, որը ներկայացվում է որպես հակազդեցություն «հիբրիդային հարձակումներին» և «ռուսական ապատեղեկատվության փորձերին»:
Թեև Հայ դատի հանձնախումբն աջակցում է ԵՄ-ի և Հայաստանի միջև ակտիվ համագործակցությանն՝ իրավունքի գերակայության և դատական համակարգի անկախության ամրապնդման ոլորտում, ինչպես նախատեսված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, մենք այս միջամտությունը դիտարկում ենք որպես լուրջ և հակաարդյունավետ ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ներքին, ինքնիշխան քաղաքական կյանքի նկատմամբ: Նման գործողությունները հիմնավորապես խախտում են նշված համաձայնագրում ամրագրված չմիջամտելու հիմնարար սկզբունքը:
Հանձնախումբը համարում է՝ ԵՄ մոտեցումը, որը ընտրողաբար թիրախավորում է այսպես կոչված «ապատեղեկատվական» թեզերը (որոնք հաճախ բխում են օրինական ներքին ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից)՝ միաժամանակ հզորացնելով գործող կառավարության ռեսուրսները, ուղղակի սպառնալիք է արդար ժողովրդավարական մրցակցությանը: Պետական մեխանիզմների ֆինանսավորումը՝ ներքին քաղաքական քննադատությունը ճնշելու համար՝ «հիբրիդային սպառնալիքների» անորոշ պատրվակով, ԵՄ-ի կողմից անընդունելի փորձ է՝ նախապես ազդելու ընտրությունների ելքի վրա՝ հօգուտ գործող իշխանության:
Նման մոտեցումը ստեղծում է իրական ընդդիմության լեգիտիմությանը հարվածելու և ներքին քննադատներին որպես օտարերկրյա գործակալներ ներկայացնելու վտանգ. մարտավարություն, որը ներկայիս կառավարությունն արդեն իսկ կիրառում է՝ դատական համակարգը իր ընդդիմադիրների դեմ քաղաքականացնելու համար: Իշխող կուսակցությունը մշտապես օգտագործում է ներկայիս աշխարհաքաղաքական լարվածությունը՝ ցանկացած քննադատություն ներկայացնելով որպես «հիբրիդային հարձակում»:
ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամբողջականությունը պահպանելու համար ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
- Ապացուցողական հիմք. Ինչ կոնկրետ, ոչ քաղաքական ապացույցների և մեթոդաբանության վրա է հիմնվում ԵՄ-ն՝ հայաստանյան քաղաքական համատեքստում օրինական ներքին քաղաքական անհամաձայնությունը և խոսքի ազատությունը չարամիտ «օտարերկրյա ապատեղեկատվությունից» տարբերելու համար:
- Չարաշահումների դեմ երաշխիքներ. Մոնիթորինգի ի՞նչ հուսալի, անկախ և ստուգելի մեխանիզմներ կներդրվեն՝ կանխելու ներկայիս կառավարության կողմից ԵՄ միջոցների օգտագործումը՝ քաղաքացիական հասարակության անկախ խմբերին, ընդդիմադիր կուսակցություններին և քննադատող լրատվամիջոցներին որպես «օտարերկրյա գործակալներ» կամ «ապատեղեկատվություն տարածողներ» թիրախավորելու կամ հետապնդելու համար:
- Ժողովրդավարական հետընթաց. Ի՞նչ կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել՝ ուղղված իրավունքի գերակայության թուլացման և գործադիր իշխանության կողմից դատական համակարգը քաղաքական և ներքին ընդդիմադիրների դեմ օգտագործելու խնդիրներին:
Մենք հորդորում ենք Եվրոպական միությանը վերանայել այս քաղաքականությունը, իր ռեսուրսները կենտրոնացնել իրական հումանիտար աջակցության վրա և զերծ մնալ գործողություններից, որոնք հանդիսանում են ակնհայտ և անարդարացի միջամտություն Հայաստանի ներքին քաղաքական գործերին»,- ասված է նամակում: