Հայաստանի ներկայիս վիճակը պարզապես ներքաղաքական խնդիր չէ, այլ պետականության տապալման գործընթաց․ Սևակ Բելյան
29 Դեկտեմբերի 2025, 22:14
Կանադայի հայ համայնքը խստորեն դատապարտում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցու դեմ իրականացվող արշավը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ՀՅԴ Կանադայի Հայ դատի Օտտավայի գրասենյակի տնօրեն Սևակ Բելյանը։
«Հայաստանի ներկայիս վիճակը պարզապես ներքաղաքական խնդիր չէ, այլ պետականության տապալման գործընթաց, որն իրականացվում է ժողովրդավարության կարգախոսների ներքո։ Փաշինյանն ու կառավարությունը 2018-ին ներկայացան որպես ժողովրդավար ուժեր և այդպիսով խաբեցին ու մոլորեցրին ժողովրդին։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես է միջազգային ընտանիքը լուռ մնում և փորձում աչք փակել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Հայաստանում»,- ասել է Բելյանը։
Ըստ նրա՝ գործող վարչախումբը սպասարկում է բացառապես արտաքին ուժերի շահերը, ինչը հանգեցնում է երկրի կործանմանը․ «Այսպես կոչված ժողովրդավար ուժերը պարզապես փորձում են առաջնորդել Հայաստանը դեպի անդունդ։ Նրանք սպասարկում են արտաքին շահերը, նախևառաջ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի»։
Խոսելով աշխարհաքաղաքական ընտրության մասին՝ Սևակ Բելյանը շեշտել է, որ Հայաստանը պետք է դուրս գա «արևմտյան կամ արևելյան» կողմնորոշումների թակարդից․ «Մենք կողմ չենք արևմտյան կամ արևելյան կողմնորոշումներին, մենք կողմ ենք հայկական կողմնորոշմանը։ Մենք պետք է զբաղված լինենք մեր շահերը սպասարկելով, այլ ոչ թե դառնանք օտարների ձեռքի գործիքը»։
Մանրամասները՝ տեսանյութում։