«Զվարթնոց» օդանավակայանում արգելվել է սփյուռքահայ Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան

02 Օգոստոսի 2023, 10:24

Քաղաքականություն

Այս գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել սփյուռքահայ, ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցություն ստորաբաժանման անդամ Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան: Արենին ԱՄՆ քաղաքացի է, նա Լիբանանից էր Հայաստան եկել:

«Կեսգիշեր է արդեն, բայց դեռ օդանավակայանում եմ: Երբ անձնագրային հսկողության բաժին հասա, իրենք չթույլատրեցին, որ անցնեմ, անձնագիրս վերցրել են ու թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Կանչել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին, որ իրենք հասկանան, թե ինչ խնդիր կա: Ամեն անգամ, երբ հարցնում եմ, թե ինչո՞ւ եմ այստեղ, չեն պատասխանում, կամ ասում են, որ չգիտեն»,- օդանավակայանից հղած տեսաուղերձում ասել է Արենի Մարկոսյանը:

Alpha News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանն ասաց, որ Արենի Մարկոսյանը դեռ օդանավակայանում է: Alpha News-ը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ Արենի Մարկոսյանի՝ Հայաստան մուտքի արգելքի հետ կապված տեղեկություն ստանալու: Այն դեռ չենք ստացել:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին էլ Նիդեռլանդների քաղաքացի Ասլան Ասլանյանի մուտքն էր արգելվել Հայաստան: Նրան որեւէ բացատրություն կամ հիմնավորում չէր ներկայացվել: Ասլան Ասլանյանը Հայաստան էր գալիս ընտանիքի ու երեխաների ընկերների հետ արձակուրդն անցկացնելու համար:

«Մեր հայրենիքի, Արցախի ծանր վիճակի պատճառով ես անհարմար եմ զգում իմ մուտքը Հայաստան արգելելու մասին խոսելու համար: Ցավն այն է, որ այսօր եւ Արցախը շրջափակված է, եւ Արցախի ժողովուրդը սովի է մատնված, Հայաստանի իշխանությունը, Արցախով մտահոգվելու փոխարեն, մեզ արգելում է հայրենիք այցելենք: Նիկո՛լ, լավ լսի՛ր, այս բոլորի համար դու պիտի պատասխան տաս»,- տեսաուղերձում ասել էր Ասլանյանը:

Հավելենք նաեւ, որ 2022 թվականի հուլիսի 13-ին ֆրանսահայ հասարակական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF France) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքն էր արգելվել ՀՀ՝ նույն սցենարով: Այնուհետեւ Նիդեռլանդների քաղաքացիություն ունեցող Սյունե եւ Մասիս Աբրահամյաններն էին ճանաչվել անցանկալի անձ Հայաստանի համար: Հայրն ու դուստրը պատրաստվում էին Սյունիքում մասնակցել ՀՅԴ ARF Youth Office-ի նախաձեռնած կամավորական ճամբարներին: 2023-ի հունվարին էլ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական կազմակերպության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքն է արգելվել Հայաստան: Նժդեհը համոզմունք էր հայտնել, որ իրենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դեմ է՛լ ավելի են մեծացրել ճնշումը, եւ հավանական էր համարել, որ Ադրբեջանի դեսպանատան վրա գործադրված այդ ճնշումները դուր չեն եկել ՀՀ իշխանությանը:

Հիմա եթերում