Գողություն անողները, թալանողները հենց իրենք են․ Կարապետյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին
11 Հունվարի 2026, 17:16
Մեր վարչապետի աշխատակազմն ավելի շատ է ծախսում քան Դանիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի թագավորական ընտանիքները միասին։ Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Փաշինյանը հայտարարել է, որ չկա մի ընտանիք, որին ՀԷՑ–ը չի թալանել։ Պատասխանեմ մասնագիտորեն՝ Հայաստանում վերջին 10 տարիներին 800 հազար հաշվիչ է փոխվել, դարձել է էլեկտրոնային համակարգ, կորուստներն իջել են 16 տոկոսից 6 տոկոս։ Մեր երկրի վարչապետն էլ այդ մասին լավ գիտի։
Գողություն անողները, թալանողները հենց իրենք են՝ տուգանքներով, հասարակության վրա դրված անտրամաբանական տույժերով։ Որ գյուղ մտնում եմ, վարորդական իրավունքից զրկված են անիմաստ խախտումի համար, շատերի համար կենսական նշանակություն ունի մեքենան։ Առաջին քայլերից մեկը լինելու է այդ մարդկանց տալ երկրորդ շանս, որ փորձաշրջան անցնեն եւ ստանան վարորդական իրավունքները, որ ընտանիք պահեն։
Երկրորդ, Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ծախսերը դարձրել է 65 մլն դոլար, այսինքն Հայաստանի քաղաքացին չորս անգամ լավ է ապրո՞ւմ, որ վարչապետի աշխատակազմը չորս անգամ ավելի շատ է ծախսում։ Մեր վարչապետի աշխատակազմն ավելի շատ է ծախսում քան Դանիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի թագավորական ընտանիքները միասին»,– ասել է նա։