Ի՞նչ ընդհանուր կապ ունեն Սյունիքն, Ուկրաինան և Գրենլանդիան․ մեկնաբանել է քաղաքագետը
15 Հունվարի 2026, 20:30
ԱՄՆ-ը տեղավորվում է այն հարթակներում և վայրերում, որտեղ հնարավորություն կա ռազմավարական միջոցների նկատմամբ ունենալ որոշակի վերահսկողություն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը տարբեր շերտեր ունի։ Եթե աշխարհաքաղաքական տեսանկյունից դիտարկենք, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղավորվում է այն հարթակներում և վայրերում, որտեղ հնարավոր է ունենալ որոշակի վերահսկողություն ռազմավարական միջոցների նկատմամբ։ Ռեսուրսների վերահսկման տեսանկյունից շատ հետաքրքիր մի օրինաչափություն կա․ ի՞նչ ընդհանուր կապ կա Սյունիքի, Ուկրաինայի և Գրենլանդիայի միջև, ինչի մասին անդադար խոսում է Միացյալ Նահանգները։ Երեք հատվածներում էլ հազվագյուտ մետաղական հանածոներ կան։ Ուկրաինայինն իրենք վերցրել են արդեն, ԹՐԻՓՓ-ն իրացվում է, իսկ Գրենլանդիայի մետաղական հանածոների մասին, հավանաբար, տեղյակ ենք բոլորս»,- նշել է նա։
Խոսելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արձագանքների մասին՝ քաղաքագետն ընդգծել է․
«Իրանի արձագանքը մենք երեկ լսեցինք։ Իրանի դեսպանը Հայաստանի պատմության մեջ բացասական իմաստով ֆանտաստիկ ասուլիս տվեց, որտեղ ներկայացրեց մի տեքստ, որը սովորաբար հնչեցնում է այն պետությունը, որն ունի թշնամական վերաբերմունք Իրանի նկատմամբ կամ սպասարկում է Իրանի թշնամիների օրակարգը։ Նա բաց տեքստով հնչեցրեց Իրանի դիրքորոշումը, որը շատ վտանգավոր է, քանի որ Իրանը մեր հարավային սահմանն է, մենք Իրանի միջոցով ստանում ենք ապրանք, իսկ եթե սահմանը փակվի, Հայաստանը սկսելու է շատ ավելի մեծ շողոքորթության դոզայով քաղաքականություն վարել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը․ նրանք Հայաստանի ղեկավարությանն իրենց տեսակետերը պարբերաբար հայտնում են բաց տեքստերով, բայց Հայաստանի մասով, ինձ թվում է, որ իրենք ավելի բարձր մակարդակով են խոսում, այդ թվում նաև Դոնալդ Թրամփի հետ»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին հայտարարել է, որ Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։
«Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Արդեն վեց օր է՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրգոլամին։
Մանրամասները՝ տեսանյութում։