Արտաքին հետախուզական ծառայության զեկույցն ավելի շատ քաղաքական տեքստ է. Արա Պողոսյան
21 Հունվարի 2026, 20:00
Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության հրապարակած զեկույցը քաղաքական բնույթի տեքստ է և գրեթե չի համապատասխանում հետախուզական ծառայության զեկույցներին բնորոշ չափորոշիչներին։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նրա խոսքով՝ զեկույցն ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ այն կազմված է ոչ թե հետախուզական, այլ քաղաքական տրամաբանությամբ։
«Հետախուզական ծառայությունները սովորաբար հանդես են գալիս բոլորովին այլ բնույթի և որակի զեկույցներով, մինչդեռ այս դեպքում մենք տեսնում ենք քաղաքական հայտարարություններ, որոնք հնչում են նաև երկրի քաղաքական իշխանությունների շուրթերից՝ հիբրիդային հարձակումների, արտաքին միջամտությունների, ընտրությունների վրա ազդեցության մասին»,- նշել է Պողոսյանը։
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հատվածներին՝ ընդգծելով, որ զեկույցում փորձ է արվում հիմնավորել գործող իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Նրա գնահատմամբ՝ սա ևս մեկ անգամ հաստատում է զեկույցի քաղաքականացված բնույթը։