Ի տարբերություն Փաշինյանի, Սամվել Կարապետյանն ու իր երիտասարդ թիմը լեգիտիմ են. Ալեն Ղևոնդյան
21 Հունվարի 2026, 21:41
Alpha News-ի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին:
Խոսելով Եպիսկոպոսաց ժողովն այլ երկրում անցկացնելու որոշման մասին՝ քաղաքագետն ընդգծել է, որ դա խելամիտ քայլ է՝ հոգևոր դասին իշխանական ճնշումներից զերծ պահելու համար։
«Գործող իշխանությունը զանգվածային ճնշումներ է գործադրում տարբեր քահանաների նկատմամբ։ Ես չեմ բացառում անգամ ընտանիքի անդամների ու ազգականների թիրախավորումը։ Ժողովը երկրից դուրս տեղափոխելը հնարավորություն կտա հոգևորականներին զերծ մնալ այդ ճնշումներից և արտահայտել իրենց իրական դիրքորոշումը»-,-ասել է Ղևոնդյանը:
Նա շեշտել է, որ իշխանությունը կփորձի ամեն կերպ խոչընդոտել ժողովի կայացմանը՝ ընդհուպ մինչև հոգևորականների՝ երկրից դուրս գալու արգելքը կամ «կարած» գործերով նրանց կաշկանդելը։ Ըստ քաղաքագետի՝ նպատակը մեկն է՝ կոտրել եկեղեցին որպես ազգային ինքնության խորհրդանիշ և ունենալ «գրպանային» հոգևոր դաս:
Քաղաքագետն անդրադարձել է նաև գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձևավորմանը, նկատելով, որ իշխանությունն ակնհայտ վախենում է այս ուժից:
«Ի տարբերություն Փաշինյանի, ով այլևս լեգիտիմ չէ, այս երիտասարդ թիմը և Սամվել Կարապետյանը լեգիտիմ են և ունեն դրական էներգետիկա»,- նշել է Ղևոնդյանը:
Քաղաքագետը բարձր է գնահատել ներկայացված 5 տնտեսական քայլերը՝ նշելով, որ դրանք զուրկ են պոպուլիզմից։ «Այս մարդիկ իրենց բիզնես կենսագրությամբ ապացուցել են, որ կարող են լուրջ խնդիրներ լուծել»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: