Սառեցված վիզաներ և անորոշություն. ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին
23 Հունվարի 2026, 22:30
ԱՄՆ իշխանությունների կողմից սահմանված նոր սահմանափակումները հունվարի 21-ից ուժի մեջ են մտել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար։ Միգրացիոն փաստաբան Թեհմինա Ավագյանը Alpha News-ի հետ զրույցում պարզաբանել է ստեղծված իրավիճակը։
Փաստաբանի խոսքով՝ սահմանափակումներն առաջին հերթին հարվածում են միգրացիոն վիզաներին, որոնք անձին տալիս են մշտական բնակության իրավունք (Գրին քարտ)։
«Խոսքը վերաբերում է միգրացիոն վիզաներին, որոնք ստանալուց հետո մարդիկ գալիս են ԱՄՆ և ստանում են Գրին քարտ։ Այս պահին ոչ միգրացիոն վիզաները, օրինակ՝ տուրիստական կամ ներդրումային վիզաներն, այս սահմանափակման տակ չեն, և մարդիկ դեռ կարող են դիմել ու ստանալ դրանք սովորականի նման»,- նշել է Ավագյանը։
Ըստ փաստաբանի՝ ԱՄՆ-ում գտնվող այն անձինք, որոնք ունեն քրեական անցյալ կամ նախկինում ունեցել են դեպորտացիայի որոշում, գտնվում են ռիսկային գոտում։ Ավելին, նոր նախագծերով հնարավոր է մարդուն թույլ չտալ մուտք գործել ԱՄՆ՝ նույնիսկ միայն առաջադրված մեղադրանքի հիման վրա, առանց դատարանի վերջնական վճռի։
«Այն անձինք, որոնք արդեն ԱՄՆ-ում են և սպասում են ընտանիքի վերամիավորման կամ այլ կարգավիճակների, խորհուրդ եմ տալիս լինել ակտիվ, դիմել կոնգրեսականներին և անպայման խորհրդակցել մասնագետների հետ»,- հավելել է նա։