Ռուսաստանն «օլիմպիական հանգստությամբ» է հետևում Հայաստանի իշխանությունների գործողություններին. Անդրեյ Արեշև

23 Հունվարի 2026, 23:30

Քաղաքականություն

Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի եթերում նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Երևանի եվրաինտեգրման քայլերին և դրանց համապատասխանությանը ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին:

«Այս բարդ ժամանակաշրջանում պարոն Սիմոնյանը, ով, չնայած սկանդալային հայտարարություններին, մնում է Հայաստանի խորհրդարանի նախագահը, պաշտոնապես հանդիսանում է պետության առաջին դեմքերից մեկը, թեև իշխանության իրական կոնֆիգուրացիան այլ է: Նա կանոնավոր կերպով մասնակցում է Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական համագործակցության միջոցառումներին, սակայն երկխոսության արդյունավետությունը հարցականի տակ է մնում:

Եթե նայենք ռացիոնալ տեսանկյունից, երկու կողմերն էլ պետք է կանխատեսելիորեն հասկանան միմյանց դիրքորոշումները: Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և Ռուսաստանն ուշադիր հետևում է Երևանի եվրաինտեգրման քայլերին: Մոսկվայի համար կարևոր է, թե ինչպես դրանք կհամադրվեն ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների և երկկողմ նախագծերի հետ: Այս մասին խոսել է նաև Սերգեյ Լավրովը: Այս հարցերի կառուցողական քննարկման ցանկացած հնարավորություն պետք է ողջունվի»,- նշել է փորձագետը:

Ըստ Արեշևի՝ Հայաստանը գործում է սեփական հայեցողությամբ, իսկ Ռուսաստանը դրան արձագանքում է «օլիմպիական հանգստությամբ»:

«Առնվազն կարևոր է հասկանալ միմյանց մտադրությունները: Հայկական կողմն իր հայտարարություններով և կոնկրետ գործողություններով ցույց է տալիս, որ կարող է գործել այնպես, ինչպես հարմար է գտնում, և Ռուսաստանի կողմից իրական հակազդեցություն մենք չենք տեսնում: Ռուսական կողմը դրան նայում է «օլիմպիական հանգստությամբ»։ Հետաքրքիր է՝ որքա՞ն երկար սա կարող է շարունակվել: Քաղաքական և խորհրդարանական մակարդակներում նորմալ երկխոսության բացակայությունն այսպես թե այնպես անդրադառնալու է մեր երկրների առևտրատնտեսական փոխգործակցության վրա: 2025 թվականի արդյունքները ոչ այնքան վարդագույն պատկեր են ցույց տալիս: Սակայն, ինչպես բազմիցս ընդգծել են ռուսաստանյան ներկայացուցիչները, Հայաստանն անկախ երկիր է և իրավունք ունի հարաբերություններ կառուցել նրանց հետ, ում հետ հարմար է գտնում: Կարևոր է միայն, որ դա չհանգեցնի ծայրահեղ բացասական հետևանքների»,- նշել է քաղաքագետը: