Փաշինյանը հե՞տ է վերցնում երկաթուղին ՌԴ-ից. ուր է սլանում Երևանի գնացքը. «Ուշադրությունից դուրս»
25 Հունվարի 2026, 14:00
Տարեվերջին Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը Երևանում լրագրողներին ասաց, որ Երասխից մինչև Նախիջևան ձգվող երկաթուղու վերանորոգման խնդրանքով դիմել է ՌԴ նախագահին: Նա արեց մի հայտարարություն, որն ավելի շատ նախազգուշացում էր հիշեցնում. «Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները հետ վերցնել կոնցեսիայից և պետական բյուջեի միջոցներով իրականացնել վերականգնումը, եթե պարզվի, որ ՌԴ ղեկավարությունը որևէ խնդիր է տեսնում»։
«Հայաստանի երկաթուղիները» մինչև 2038 թվականը կոնցեսիոն պայմանագրով փոխանցված են ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կառավարմանը։ 2008-ին, երբ կնքվում էր այդ պայմանագիրը, Մեղրիի երկաթուղին ֆիզիկապես գոյություն չուներ։ Ըստ քաղաքագետների՝ հենց սա է Փաշինյանն ակնարկում Մոսկվային և ազդակ ուղարկում, որ կարող է երկաթուղին հետ վերցնել ռուսական ընկերությունից։
2021-2025 թվականների ընթացքում կառավարությունը ՀԿԵ-ին տրամադրել է շուրջ 1,8 միլիարդ դրամի սուբսիդիա՝ ուղևորափոխադրումների հետևանքով ընկերության կրած վնասները փոխհատուցելու համար։ Այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) բանակցում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ЮКЖД) ընկերության հետ՝ պայմանագրում փոփոխություններ կատարելու շուրջ։ Նախատեսվում է սահմանել նոր չափորոշիչներ, որոնց չկատարման դեպքում սուբսիդավորման չափը կնվազեցվի։
Հակառուսական խոսույթին ու քայլերին զուգահեռ՝ Փաշինյանի «գնացքը» չի դադարեցնում ընթացքը դեպի ԵՄ ինտեգրում։ Քաղաքագետները համոզված են՝ դեպի Եվրոպա սլացող որևէ գնացք, այդ թվում՝ Մեղրիով անցնողը, չի կարող կառավարվել ռուսական ընկերության կողմից։