Վենսի այցը կապված կլինի Իրանի սահմանների մոտ ամերիկյան ներկայության հետ. Պյոտր Կոլչին

09 Փետրվարի 2026, 22:30

Քաղաքականություն

Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։

Փորձագետի կարծիքով՝ Վենսի այցը կապված կլինի Իրանի սահմանների մոտ ամերիկյան ներկայության հետ, ինչը ռիսկեր է ստեղծում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։

«Վենսի այցը նոր երանգներ է ստանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման ֆոնին։ ԱՄՆ-ի համար Անդրկովկասը հետաքրքիր տարածաշրջան է դառնում նախևառաջ ռազմական շահերի տեսանկյունից. տնտեսությունն այս դեպքում երկրորդական է։

Ամերիկյան կողմի համար այժմ առաջնահերթություն է Իրանի վրա ճնշում գործադրելը, ուստի պետք է ակնկալել, որ Վենսի այցը կապված կլինի հենց այդ հարցի՝ Իրանի հյուսիսային սահմաններին ամերիկյան ներկայության հետ։ Սա իր հերթին որոշակի ռիսկեր է պարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,- նշել է Կոլչինը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը չպետք է տնտեսական օգուտներ ակնկալի, քանի որ Թրամփի թիմը խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա։

«Այս իրավիճակում Երևանը չպետք է տնտեսական արտոնություններ կամ քաղաքական առավելություններ սպասի։ Թրամփի թիմը բազմիցս ցույց է տվել, որ իր համար Ադրբեջանի հետ երկխոսությունը՝ որպես նավթային երկրի, ավելի առաջնահերթ է։ Հետևաբար, ԱՄՆ-ն Անդրկովկասում ցանկացած հաղորդակցություն և պայմանավորվածություն կկառուցի ի շահ Ալիևի և Բաքվի դիրքորոշման, ինչպես դա արդեն եղել է վաշինգտոնյան հայտնի պայմանավորվածությունների դեպքում, որոնք հաշվի են առել Ալիևի բոլոր ցանկությունները»,-եզրափակել է Կոլչինը։