Իրավիճակը հնարավոր է գնահատել որպես «դասական էթնիկ զտման» քաղաքականություն. Թաներ Աքչամը՝ Արցախում կատարվողի մասին

04 Օգոստոսի 2023, 16:00

Քաղաքականություն

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան, գնահատել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա «դասական էթնիկ զտման» քաղաքականություն է որակել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ «Օրբելի» վերլուծական կենտրոնը ստորև ներկայացնում է Թաներ Աքչամի մեկնաբանությունն ամբողջությամբ․

«Այն դեպքերը, որոնք մեր աչքի առջև կատարվում են Ղարաբաղում, բացահայտ մարդկային ողբերգություն են և թե՛ երկկողմ, թե՛ միջազգային պայմանագրերի բացահայտ խախտում։ Իրավիճակը հնարավոր է գնահատել որպես «դասական էթնիկ զտման» քաղաքականություն։ Ադրբեջանը Թուրքիայից ևս ստացած աջակցությամբ ցանկանում է վտարել Ղարաբաղի շրջանի բոլոր հայերին և վերջ տալ հայերի գոյությանը նրանց պատմական հողերում։ Բավականին մեծ է հավանականությունը, որ առայժմ միայն տնտեսական և տրանսպորտային շրջափակմամբ սկսված նախաձեռնությունը կվերաճի մասշտաբների, որ կներառի բռնություն»։

Նա ցավ է հայտնել, որ միջազգային հանրությունը լռում է այս զարգացումների մասին և բավարարվում է միայն դիտելով։ Թաներ Աքչամը հուսով է, որ միջազգային հանրությունը դուրս կգա խորը քնից: