Երազանք, որը դարձավ իրականություն․ գիտնական Արտյոմ Օհանով
03 Մարտի 2026, 22:00
Արտյոմ Օհանով՝ անուն, որն այսօր հնչում է աշխարհի գիտական շրջանակներում։ Նրա ճանապարհը պատմություն է երազանքի, համառության և սեփական ուժերի հանդեպ հավատի մասին։
Ծնվել է 1975 թվականին Ուկրաինայում՝ հայկական և հրեական արմատներ ունեցող ընտանիքում։ Պատահական հայտնաբերված քիմիայի գիրքը դարձել է այն մեկնարկային կետը, որըերեխայի հետաքրքրասիրությունը վերածեց կրքի, և այդ կիրքը որոշել է նրա ողջ կյանքը։
Ոսկե մեդալով ավարտելով Մոսկվայի դպրոցը՝ Օհանովն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ։ Ուսումնառությունը հեշտ չէր․ նա ստիպված էր համատեղել դասերն ու աշխատանքը, սակայն գիտությամբ զբաղվելու երազանքը թույլ չի տվել հանձնվել։ 1997 թվականին նա գերազանցությամբ ավարտել է համալսարանը՝ «բյուրեղագիտություն և բյուրեղային քիմիա» մասնագիտությամբ։
Հետագա ուղին նրան տարել է Լոնդոն, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ապա՝ Ցյուրիխ, որտեղ ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ 34 տարեկանում Արտյոմը դարձել է Նյու Յորքի Սթոուն-Բրուք համալսարանի ամենաերիտասարդ պրոֆեսորը՝ գլխավորելով նյութերի համակարգչային նախագծման լաբորատորիան։ Նրա հետազոտությունները նոր հորիզոններ են բացել բյուրեղագիտության և քիմիայի ոլորտներում, իսկ մշակված մեթոդներն այսօր կիրառվում են այնպիսի հսկաների կողմից, ինչպիսիք են Toyota-ն, Fujitsu-ն և Intel-ը։
Ճանաչումը երկար սպասեցնել չի տվել․ Forbes-ի ցուցակները, ETH Zurich-ի, Եվրոպական միներալոգիական միության և Elsevier-ի մրցանակները ամրագրել են նրա՝ համաշխարհային մակարդակի գիտնականի կարգավիճակը։ Սակայն միջազգային փառքի պայմաններում անգամ Արտյոմ Օհանովը մնում է մարդ, ով խորապես գնահատում է իր արմատները։ Հայաստանը նրա սրտում առանձնահատուկ տեղ ունի՝ որպես նախնիների երկիր, որի մշակույթն ու պատմությունը նրա համար անգնահատելի են։
Օհանովը բաց և անկեղծ է խոսում իր ինքնության մասին․ նա հպարտ է իր կենսագրության յուրաքանչյուր հատվածով՝ հայկական, հրեական, ռուսական, ուկրաինական։ Նրա խոսքերը հնչում են որպես ինքնաճանաչման և ներքին ուժի մանիֆեստ․ «Պետք է ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս»։
Այսօր Արտյոմ Օհանովը պարզապես գիտնական չէ, այլ խորհրդանիշ այն բանի, որ երազանքները իրականություն են դառնում։ Նրա կյանքը օրինակ է երիտասարդ հետազոտողների համար․ համառությունը, ինքնավստահությունը և գիտության հանդեպ սերը կարող են մանկական երազանքը վերածել համաշխարհային ճանաչման։