«Աշխարհակարգ 2.0». Ռոման Լունկին
07 Մարտի 2026, 21:00
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակներում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի առաջատար ուղեղային կենտրոնների ղեկավարների և փորձագետների հետ քննարկում է հնարավոր (ձևավորվող) նոր աշխարհակարգն ու դրանում Հայաստանի տեղը։
Նախագծի նոր հյուրն է քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Եվրոպայի ինստիտուտի փոխտնօրեն, ՌԳԱ պրոֆեսոր Ռոման Լունկինը։
Հարցազրույցում Լունկինը վերլուծում է եվրոպական երկրների ներքաղաքական ճգնաժամը և թե ինչու աջակողմյան կուսակցություններին, չնայած վերջին տարիների ժողովրդականության կտրուկ աճին, դեռևս չի հաջողվում իշխանության գալ եվրոպական առաջատար երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա)։ Նա նաև անդրադառնում է ԱՄՆ գործող վարչակազմի և եվրոպական իշխող վերնախավերի միջև առկա պառակտման պատճառներին։
Եվրոպայի ինստիտուտի փոխտնօրենը գնահատել է իրավիճակը Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերություններում, դրանց վերականգնման հնարավորությունը՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների և աշխարհում ընթացող գործընթացների ֆոնին:
Լունկինը հատուկ կանգ է առել Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվացման պատճառների և այն առաջնահերթությունների վրա, որոնք Արևմուտքն ունի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերություններում։
«Իսկապես, դուք իրավացի եք, որ Եվրոպայում, ավելի ստույգ՝ Եվրամիության երկրներում և Բրիտանիայում, կա որոշակի հակասություն քաղաքական կյանքում, որոշակի դեֆրագմենտացիա, ինչպես ես կասեի, երբ կա պառակտում և՛ հասարակության մեջ, և՛ քաղաքական ուժերի միջև, ինչպես նաև առաջատար քաղաքական կուսակցությունների ներսում։ Միևնույն ժամանակ, կա փորձ՝ ստեղծելու ինչ-որ նոր բան, կողմնորոշվելու մի նոր հարթակի հարցում, որը քիչ թե շատ ամուր հիմք կհանդիսանար հետագա քաղաքական գործունեության և որոշակի ռազմավարությունների կառուցման համար»,- նշել է Լունկինը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի նկատմամբ ԵՄ քաղաքականությանը, փորձագետը հավելել է.
«Եվրոպական միությունը կառուցում է սեփական շահերի առաջմղման քաղաքականություն, որն ուղղված է նաև Ռուսաստանի զսպմանը։ Եվ եթե հենց Եվրոպական միությունում կա եվրոպական քաղաքական գործիչների դիրքորոշումների և գաղափարախոսության գոնե որոշակի շտկում՝ հեռացում այդ գաղափարական պառակտումից, ապա դատելով Հարավային Կովկասում (օրինակ՝ Վրաստանում) ընտրություններին միջամտելու օրինակներից, կարելի է ասել, որ այստեղ Եվրամիությունը հստակորեն հետևում է հենց այս նեոլիբերալ օրակարգին և աջակցում է միայն այն քաղաքական ուժերին, որոնք դավանում են ուլտրալիբերալ արժեքներ և հանդես են գալիս Ռուսաստանի դեմ կամ ձգտում են կտրվել Ռուսաստանից»։