Նիկոլ Փաշինյանն այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին և սպառնալիքն է․ Ռոբերտ Քոչարյան

24 Մարտի 2026, 21:30

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին է և սպառնալիք է հենց այն պատճառով, որ չի հասկանում՝ ինչ է անում։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք ասում ենք, որ բերելու ենք երաշխավորված խաղաղություն և երաշխիքային համակարգը, ես ուղղակի համոզված եմ, շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել, կարելի է հասնել դրան։ Եթե 2021 թվականին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի, որովհետև այդ ապուշ հայտարարությունը չէինք ստորագրի Պրահայում»,- նշել է նախագահը։

Նրա խոսքով՝ ճակատագրական պահ է գալիս երկրի համար և ենթադրվում է, որ հենց լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժին, որ առաջնորդի համար քվեարկեն:

«Այն ինչ ես տեսնում եմ, դա ոնց-որ գիտակցված ձևով փորձում են այս պրոցեսը ամբողջությամբ անլրջացնել: Պատճառը ևս ինձ համար հասկանալի է, որովհետև լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն և մեկ-մեկ քայլերը ինչ-որ աբսուրդային բաների է բերում: Քանի որ մենք էլ ենք ուտում լավաշ ու կարտոֆիլ, ուրեմն մեզ պետք է քվեարկեն։ Մենք անլրջություն ցուցաբերենք, մենք մեր ընտրողին կկորցնենք: Խոսքը գնում է հետևյալ մասին՝ դու սեփական ժողովրդիդ հարգում ես, թե չես հարգում, դու ընտրությունները կրկեսի ես վերածում, թե լուրջ ես վերաբերվում: Իրականում այն, ինչ ես տեսնում եմ, նույնիսկ արդեն կրկեսի վերածել չի, արդեն, կոպիտ ասած, գժանոցի վերածել է»,- նշել է նախագահը։