Ցամաքային ներխուժումը կարող է ԱՄՆ-ի համար վերածվել նոր Վիետնամի. Արամ Շահնազարյան
30 Մարտի 2026, 15:08
Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը տեսանելի ապագայում չի դադարելու, և չի բացառվում նոր, ավելի վտանգավոր էսկալացիա։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
«Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հակամարտությունը դեռևս շարունակվելու է, և շատ հնարավոր է, որ մենք ականատես լինենք կտրուկ էսկալացիայի»,- նշել է Շահնազարյանը։
Նա ընդգծել է, որ ներկայում ակտիվորեն քննարկվում է ցամաքային գործողությունների սցենարը, իսկ Իրանը հայտարարել է, որ լիովին պատրաստ է նման զարգացման։ Շահնազարյանի խոսքով՝ պատերազմի մեկ ամսվա ընթացքը ցույց է տվել, որ ամերիկյան գործողությունները հաճախ ունենում են անկանոն և իրավիճակային բնույթ։
«Ամերիկյան որոշումները հաճախ կայացվում են պահի ազդեցության տակ և չունեն ռազմավարական խորք, ինչի հետևանքով առաջանում են փակուղային իրավիճակներ»,- նշել է նա։
Ըստ Արամ Շահնազարյանի՝ նույնը կարող է տեղի ունենալ նաև հնարավոր ցամաքային ներխուժման դեպքում։
«Տեղանքին և լոգիստիկ խնդիրներին ծանոթ լինելով՝ կարելի է ենթադրել, որ ցամաքային հարձակումը կարող է վերածվել ԱՄՆ-ի համար Վիետնամի նման մի իրավիճակի»,- ընդգծել է Շահնազարյանը։
Խոսելով Թրամփի հայտարարությունների մասին՝ «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշել է, որ դրանք հաճախ հակասական են և զուրկ են հստակ ռազմավարությունից։