Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայաստանին ևս սպառնում են «մերձավորարևելյան թանկացումները»

31 Մարտի 2026, 23:00

Շուրջ մեկ ամիս է, ինչ շարունակվում է ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ: Ռազմական գործողությունների ձգձգումը սկզբից ի վեր ձևավորել էր բացասական սպասումներ համաշխարհային տնտեսության համար: Հասկանալի է, որ մեկ ամսվա ռազմական գործողությունները, որոնք ուղեկցվում են առևտրային կարևոր հանգույցի՝ Հորմուզի նեղուցի անցման խափանումներով, արդեն իսկ իրենց ազդեցությունն են թողել։ Առաջին հերթին նկատվում է էներգակիրների թանկացում:

Ռազմական գործողությունների համատեքստում կողմերից ցանկացած գործողություն ու հայտարարություն որոշակի վայրիվերումների է ենթարկում շուկաները, առաջին հերթին՝ ֆինանսական շուկաները: Այս իմաստով, խոսքն ընթացիկ զարգացումների մասին է՝ ենթակա ցանկացած պահի անկանխատեսելի փոփոխությունների: Միաժամանակ, մարտի 30-ի տվյալներով, համաշխարհային ինդեքսները կրկին անկում են ապրել՝ գործողությունների շարունակման մտավախությունների ֆոնին:

Միաժամանակ, նավթի գներն աճել են ևս 2 տոկոսով՝ նախօրեի թանկացումների ֆոնին: Արդյունքում, է՛լ ավելի իրատեսական են դառնում մեկ բարելի դիմաց 200 դոլար նավթի գնի հետ կապված կանխատեսումները, որոնք համաշխարհային տնտեսության համար ենթադրում են ծանր զարգացումներ՝ առաջին հերթին նոր թանկացումների տեսքով:

Իսկ սպասումների մասով կանխատեսումները շատ են: Դրանցից որոշները ներկայացրել է «New York Times»-ը, որոնց համաձայն՝ պատերազմն ամերիկյան հարկատուներին կարժենա 1 տրլն դոլար:

Եվրամիության համար տնտեսական սարսափելի հետևանքներ է կանխատեսում «Financial Times»-ը: Ի դեպ, Եվրամիության առանձին երկրներում արդեն իսկ գրանցված գնաճի, վառելիքի ու գազի թանկացումների մասին կարելի է միջազգային լրահոսում հանդիպել շատ հաճախակի:

Առևտրի համաշխարհային կազմակերպության գնահատականի համաձայն՝ գլոբալ առևտրային համակարգը վերջին 80 տարիների կտրվածքով գտնվում է ամենամեծ խափանումների ներքո: Կանխատեսումների այս շարքը կարող է շարունակել։

Ընդհանուր առմամբ, աշխարհի տարբեր երկրներ տարբեր կերպ կզգան և զգում են այս զարգացումների տնտեսական հետևանքները: Բազմաթիվ բացասական գնահատականների կողքին տեսնում ենք նաև տարատեսակ հաշվարկեր, որ, օրինակ, այս կամ այն երկրի նավթային եկամուտներն են ավելացել:

Եթե անդրադառնալու լինենք ուղիղ թանկացումներին, ապա դրա ամենամեծ բացասական հետևանքների կրողներն առավելապես ներմուծող՝ զարգացող տնտեսություններն են, որոնց թվում է նաև Հայաստանը:

Միաժամանակ, չի կարելի շրջանցել ԵԱՏՄ գործոնը, որը կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի ժամանակ հանդես եկավ որպես արդյունավետ անվտանգային բարձիկ Միության անդամ երկրների համար։ Սակայն այսօր արդեն հնչում են գնահատականներ, որ համաշխարհային հնարավոր ինֆլյացիայից բխող գնաճային ճնշումները կարող են զգացվել նաև մեզ մոտ։

Հիշեցնենք ԿԲ խորհրդի օրերս հնչեցրած գնահատականը, ըստ որի՝ ռազմական էսկալյացիայի շարունակումը Հայաստանի համար կարող է առաջացնել 12- 1,7 տոկոս ինֆլյացիոն ճնշում:

Մեզ համար իրավիճակն առավել քան մտահոգիչ է՝ հաշվի առնելով արդեն իսկ արագացած գնաճը. փետրվարին պաշտոնական գնաճը կազմել է 4,3 տոկոս, այդ թվում՝ սննդամթերքի թանկացումը՝ 6,5 տոկոս: Բայց սա այն դեպքում, երբ այդ վիճակագրությունը դեռ չէր արտացոլում Մերձավոր Արևելքի զարգացումների ազդեցությունը։ Բացի այդ, 6,5 տոկոս ընդհանուր ցուցանիշի ներքո առանձին սննդամթերքներ ավելի շատ են թանկացել:

Ինչպիսի՞ն կլինի իրավիճակն այդ ազդեցությունների դեպքում և որքանո՞վ կարող են բնակչության եկամուտների նախընտրական որոշակի աճերը մեղմել սոցիալական խնդիրները, շարունակում է մնալ մեծագույն հարց: