Օրբանի պարտությունը դարձավ անխուսափելի․ Եվգենի Սեմիբրատովը՝ Հունգարիայի ընտրությունների մասին

Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններին։

«Հունգարիայում կայացած ընտրությունների արդյունքներն, իհարկե, մեծապես կանխատեսելի էին, քանի որ Վիկտոր Օրբանի կառավարությունը վերջին շրջանում գտնվում էր Եվրամիության լուրջ ճնշման տակ։ Այն ներգրավված էր մի շարք սկանդալներում, որոնք կարևոր նշանակություն ունեին ինչպես արևմտյան հասարակության, այնպես էլ, առավել կարևոր՝ հունգարական հասարակության համար։ Բացի այդ, Հունգարիայում բնակչության լայն շերտեր չէին ընդունում այն անկախ, ինքնիշխանության պաշտպանությանը միտված քաղաքականությունը, որը վարում էր անձամբ Օրբանը։

Եվ այս պայմաններում՝ լուրջ արտաքին ճնշման և շատ ուժեղ ներքին ընդդիմության պարագայում, պարտությունը, ցավոք, ինչ-որ պահից դարձավ անխուսափելի։ Գործընթացում ամերիկյան կողմի ներգրավվածությունն ու Օրբանին աջակցելու մտադրությունը նույնպես չընկալվեց դրական, առավել ևս, որ եվրոպական ներքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի ազդեցությունն այժմ որոշ չափով «թունավոր» է՝ թե՛ Մերձավոր Արևելքում հերթական հակամարտության համատեքստում, թե՛ առանց դրա։

Հետևաբար «Տիսա» կուսակցության հաղթանակը տեխնոլոգիապես հաշվարկված գործընթաց էր։ Պետք է ընդունել, որ մեծ հավանականությամբ Բրյուսելն ուներ նաև ուժային հակազդեցության տարբերակներ՝ ընտրությունների այլ արդյունքի դեպքում՝ ուկրաինական «Մայդանի» տեխնոլոգիաներով, սակայն դրանց կիրառման անհրաժեշտություն չառաջացավ։ Ուստի Հունգարիան այժմ կունենա նոր կառավարություն և նոր վարչապետ»,- ասել է Սեմիբրատովը։