Մալաթիա-Սեբաստիա անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ. Ռոբերտ Քոչարյան
12 Մայիսի 2026, 20:49
«Որպես այս համայնքի բնակիչինձ մոտ նման հարց է առաջացել, երբ սկսվեց պայքարը Արարատ լեռան դեմ։ Միանգամից մտածեցի իսկ Մալաթիա-Սեբաստիա անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ, արդյոք մնալո՞ւ է այդ անունը, թե փոխվելու է։ Այդ հարցի պատասխանը մինչ օրս ես չունեմ»,- այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Քոչարյանը։
«Միգուցե Մալաթիա Սեբաստիա համայնքը կոնֆլիկտածին համայնք է, ինչպես ասում է Փաշինյանը՝ Թուրքիայի համար։ Հիմա ի՞նչ անենք»,- նշել է նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այսօր ամբողջ Հայաստանը «սրտիկների» մեջ է, ինչն, ըստ նրա, արվում է՝ ցույց տալու, թե իբր իշխանությունները սիրում են բոլորին։
«Դա ուղերձ է՝ սիրում է երկիրն ու ժողովրդին։ Նորմալ մարդն ի՞նչ է հասկանում՝ ասելով սիրել երկիրը և սիրել ժողովրդին։ Ենթադրվում է, որ սիրել երկիրը նշանակում է ամուր պահել երկրի դարպասները, իսկ եթե ամուր չեն պահել, ուրեմն՝ չեն սիրում։
Իսկ ի՞նչ է նշանակում սիրել ժողովրդին։ Առաջին հերթին՝ ապահովել անվտանգությունը։ Ի՞նչ արեցին․ հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են ավելի քան 5 հազար զոհ, 12 հազար վիրավոր և տարածքային կորուստներ։ Սա՞ է ձեր սերը»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։