Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի, Հայաստանի ապագան լինելու է «Արևմտյան Ադրբեջանը». Ռոբերտ Քոչարյան

13 Մայիսի 2026, 19:38

Քաղաքականություն

2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ և ձախողել իր բոլոր խոստումները՝ բերելով պատերազմ, կորուստներ, զոհեր։ Այս մասին Արթիկում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ 2021 թվականին էլ նա նորից եկավ խոստումներով, բայց ունեցանք Արցախի կորուստ ու բազմաթիվ խնդիրներ։ «Հիմա նույնը կրկնվում է։ Իրավիճակն այնքան աբսուրդային է, որ տրամաբանական շղթայի մեջ չի տեղավորվում։ Ժողովրդին նորից ասում են, որ մեղավոր են նախկինները, ով ասես, բայց ինքը՝ Փաշինյանը, մեղավոր չէ։ Հիմա մենք պատրա՞ստ ենք նույն ճանապարհով գնալ։ Ես պատրաստ չեմ»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ երբ 2021 թվականին Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե Արցախի հարցում նշաձողը պետք է իջեցնել, իրենք ասացին, որ սա Արցախի կորստի է բերելու, բայց «Դիմադրություն» շարժումը բավարար աջակցություն չստացավ։

«Իսկ արդեն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Եւ այդտեղից ամբողջը սկսվեց՝ Ղարաբաղի դատարկման ևս մեկ ցիկլ»,- հավելել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ինչ ասել են, ճիշտ է դուրս եկել։ «Հիմա ասում ենք՝ եթե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան լինելու է «Արևմտյան Ադրբեջանը»։ Սյունիքի վրա էլ մեծ հարցական է՝ կմնա՞, թե՞ չի մնա։ Խաղաղությունը, որ փորձում են ծախել մեզ վրա, դա խաղաղություն չէ։ Դա կլինի այնքան ժամանակ, ինչքան Ալիևը համարի, որ դա իրեն ձեռք է տալիս։ Մենք սա մերժում ենք, չենք կարող համաձայնել։ Հույս ունենք, որ ժողովուրդն արդեն հասկացել է, թե ինչ է կատարվում, ում հետ գործ ունեն։

Բազմիցս նշել եմ՝ եթե ՀՀ վարչապետը լիներ թուրք գործակալ, նա կաներ ճիշտ այն, ինչ արվում է հիմա։ Երբեմն մտածում եմ՝ արդյոք կարո՞ղ էր էլի ինչ-որ վատ բան անել, որ չի արվել, բայց ֆանտազիաս չի հերիքում՝ ինչ հնարավոր էր անել, ամեն քայլափոխի այդ մարդն արել է»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում