Հայկական ելակն արգելքի տակ. ինչ է կատարվում Բագրատաշենի անցակետում

25 Մայիսի 2026, 15:20

Տնտեսություն և Բիզնես

Հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Նշեմ, որ մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդրի չեն բախվել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր նորմերին։  Վերջիններս ահազանգում են, որ անակնկալի են եկել նման որոշումից, և ելակը չիրացնելու դեպքում հսկայական վնասներ են կրելու։ 

Շուտով կեռասը ևս պետք է արտահանվի, և տնտեսվարողներն ունեն մտավախություն, որ նույն որոշումը կարող է կայացվել իրենց հանդեպ նույնպես։  Ակնհայտ է, որ այս դեպքը ևս պայմանավորված է հայ-ռուսական  հարաբերությունների վատթարացմամբ։ Բազմիցս զգուշացրել ենք, որ այն պայմաններում, երբ մեր գյուղմթերքի զգալի մասը իրացվում է ռուսական և ԵԱՏՄ շուկաներում, անթույլատրելի են հարաբերությունները վնասող արտահայտություններն ու քայլերը։ 

Էկոնոմիկայի նախարարը, որն ասում էր՝ կգտնենք այլընտրանքային շուկաներ, հենց այս պահին ի՞նչ է առաջարկում ելակ արտահանողներին։ Սրանց համար քաղաքականությունը արկածախնդրությունների դաշտ է։ Մինչդեռ, ահռելի վնասներ է կրում մեր տնտեսվարողը, մեր քաղաքացին։

Հաշվի առնելով արդեն իսկ տեսանելի տնտեսական աղետը՝ լիահույս եմ, որ մեր հայրենակիցները հունիսի 7-ին կկատարեն ճիշտ ընտրություն»,- գրել է նա: