Պետդումայի փոխխոսնակը չի բացառել ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն արտոնությունների չեղարկումը
26 Մայիսի 2026, 21:19
ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիների համար ներկայիս արտոնությունները՝ Ռուսաստանում առանց գրանցման երկարաժամկետ մնալու և պարզեցված պայմաններով աշխատանքի հնարավորությունը՝ ուղղակիորեն կապված են Հայաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակի հետ։
Նա նշել է, որ եթե այս կարգավիճակը կորչի կամ վերանայվի, այդ արտոնությունները կարող են չեղյարկվել, և ՀՀ քաղաքացիները կանցնեն ընդհանուր միգրացիոն ռեժիմի, որը գործում է օտարերկրացիների համար։
Պյոտր Տոլստոյը ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանից հեռանալու ցանկացած փորձ կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ «Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանն ինքը սկսի հեռանալ»։
Նա հիշեցրել է Ռուսաստանում հայկական մեծ սփյուռքի մասին և նշել, որ Հայաստանում հնչող հակառուսական հայտարարությունները հարցականի տակ են դնում այդ մարդկանց բնակությունը, աշխատանքն ու բիզնես գործունեությունը Ռուսաստանում։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության առավելությունները նույնպես կարող են վերանալ, եթե շարունակվեն «ռուսաց լեզվի դեմ հալածանքները, կտրուկ հակառուսական հայտարարությունները և Զելենսկու հետ բարեկամության ցուցադրումը»։
Նա նաև հավելել է, որ «Հայաստանի ժողովուրդը պետք է որոշում կայացնի իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ»՝ ընդգծելով, որ որպես Պետդումայի փոխխոսնակ՝ ինքն է համակարգում Հայաստանի հետ հարաբերությունները։