Հայաստանի ատոմային էներգետիկան կարող է հայտնվել վտանգի տակ․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

Ռուսաստանի միջուկային տեխնոլոգիաներից Հայաստանի հրաժարվելը կարող է հանգեցնել ատոմային էներգետիկայի ոլորտում կուտակված կարողությունների կորստի։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։

Նրա խոսքով՝ Հայաստանը Կովկասում մնում է միակ երկիրը, որը «հպարտորեն կրում է ատոմային էներգետիկայի դրոշը»՝ ապահովելով էներգահամակարգի կայունությունն ու լուծելով էներգամատակարարման առանցքային խնդիրները։ Սակայն, ըստ նրա, Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու հետևանքով այդ կարողությունների կորուստը կլինի «բացարձակապես ոչ տնտեսապես շահավետ»։

Լիխաչովը նշել է, որ Երևանը արդեն 2026–2027 թվականներին պետք է որոշի գործընկերոջը՝ 2036 թվականից հետո ատոմային էներգետիկայի հետագա զարգացման համար։ Նա իրավիճակը պարադոքսալ է անվանել, սակայն ընդգծել է, որ որոշումը մնում է Հայաստանի ձեռքում։

«Ռոսատոմ»-ի ղեկավարի խոսքով՝ աշխարհում փաստացի գոյություն ունեն միայն երկու լիարժեք միջուկային տեխնոլոգիաներ՝ ամերիկյանը և ռուսականը (հիմքում՝ խորհրդայինը)։ Մնացած բոլոր տարբերակները դրանց ձևափոխություններն են։ Եթե Հայաստանը ընտրի ամերիկյան տեխնոլոգիան, ապա ստիպված կլինի ամբողջությամբ վերակառուցել կադրերի պատրաստման համակարգն ու շահագործման մասնագիտական կարողությունները։

Լիխաչովը նաև կասկած է հայտնել ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների գործնական կիրառման պատրաստվածության վերաբերյալ՝ նշելով, որ աշխարհում առայժմ նմանատիպ որևէ օբյեկտ նույնիսկ կառուցման փուլում չէ։