Եթե հանկարծ ռուսական գազի գինը բարձրանա, ապա գնաճ կլինի․ ԿԲ նախագահ
16 Հունիսի 2026, 15:40
Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ–ի գնահատմամբ՝ գնանկումային ազդեցությունը կարող է լինել մինչև 0,6 տոկոս։
«Այսինքն՝ այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է։ Բանջարեղեն, հանքային, գազավորված ջրեր, ալկոհոլային խմիչքների որոշակի մաս, կորիզավորներ՝ այստեղ որոշակի զգայունություն ունենք, ու կարող է՝ գնանկումային երևույթներ ունենանք»,- նշել է Գալստյանը։
Նրա խոսքով՝ եթե հանկարծ ռուսական գազի գինը բարձրանա, ապա գնաճ կլինի։
«Այդ սցենարները X տիպի սցենարներ են, որոնք կարող են տեղի ունենալ, բայց դրանց հավանականությունը ծայրահեղ քիչ է մեր գնահատմամբ։ Եթե հանկարծ դա տեղի ունենա, իր հետ բերելու է, բնականաբար, գնաճ, որովհետև նաև արտադրության վրա է ազդելու և երկրորդային էֆեկտներ է ունենալու»,- ընդգծել է Մարտին Գալստյանը։