ԱՄՆ-ը ճնշում է Կանադային, որ վերացնի Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոն. Կանադայի Հայ Դատի հանձնախմբի անդամ

16 Օգոստոսի 2023, 16:22

Քաղաքականություն

Տեղեկություններ ունենք, որ այժմ Կանադայի ու Թուրքիայի միջեւ ակտիվ բանակցություններ են ընթանում Կանադայի կողմից զենքի վաճառքի էմբարգոն դադարեցնելու վերաբերյալ: Alpha News-ի եթերում այս մասին հայտնել է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործավար Սեւակ Բելյանը:

«Այդ բանակցությունները պայմանավորված չեն Կանադա-Թուրքիա բանակցությունների ջերմությամբ, որովհետեւ նրանց հարաբերություններն այդքան էլ ջերմ չեն, հատկապես 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո, բայց գաղտնիք չէ, որ Թուրքիան հսկայական ազդեցություն ունի ՆԱՏՕ-ի վրա ու Ֆինլանդիայի, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ հավելյալ ազդեցության պատուհան բացեց Թուրքիայի համար»,- ասել է Սեւակ Բելյանը:

Նա հայտնել է նաեւ, որ պետական աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիան հստակ պայման է դրել ՆԱՏՕ-ի գործընկերների առաջ, որ Կանադան պետք է վերացնի զենքի վաճառքի էմբարգոն, որպեսզի Թուրքիան վերջնական համաձայնություն տա Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Սեւակ Բելյանի խոսքով՝ հուլիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո սպասվում էր, որ Կանադան կհայտարարի Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոն չեղարկելու մասին, բայց այդ հայտարարությունը մինչեւ այսօր չի եղել՝ մի քանի պատճառով:

«Անշուշտ, պատճառներից մեկն էլ հայկական գործոնն է, Հայ Դատի հանձնախմբի տարած աշխատանքն է, որովհետեւ մենք անմիջապես, երբ տեղեկացանք, որ նման բանակցություններ կան, սկսեցինք ճնշում գործադրել: Տեղյակ ենք նաեւ, որ կանադական կողմն էլ իր հերթին է պայմաններ դրել Թուրքիայի առջեւ: Այդ պայմաններից մեկն էլ այն է, որ Թուրքիան չի կարող երրորդ երկրին զենք մատակարարել՝ առանց Կանադայի համաձայնության: Ինչպես հիշում եք, 2020 թ. Կանադան չէր զենք մատակարարել Ադրբեջանին, այլ Թուրքիան էր ապօրինի կերպով փոխանցել այն: Ենթադրում ենք, որ այդ հայտարարությունը չի արվել նաեւ այն պատճառով, որ թուրքական կողմը, հավանաբար, չի համաձայնվել կանադական կողմի պայմաններին»,- ասել է Սեւակ Բելյանը:

Նա հավելել է, որ Կանադայի վրա ճնշում գործադրում է ոչ միայն Թուրքիան, այլեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները:

«Իրենք էլ իրենց հերթին են ազդեցություն գործադրում կանադական կողմի վրա, որ էմբարգոյի որոշումը վերացվի ու դաշնակցային հարաբերությունները բնականոն ընթացքի մեջ մտնեն»,- եզրափակել է Սեւակ Բելյանը:

Հիշեցնենք, որ Կանադան 2020 թ. հոկտեմբերին ժամանակավորապես կասեցրել էր Թուրքիային զենքի մատակարարումը: «Վերջին օրերին տեղեկություններ են ստացվում, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական բախումներում։ Այդ պնդումները լսելուն պես, Կանադայի արտգործնախարարությունը հրահանգել է ստուգել ստացված տեղեկությունները։ Ելնելով շարունակվող բախումներից եւ առաջնորդվելով Կանադայի՝ արտահանման խիստ վերահսկման սկզբունքից, ավելի խորքային ուսումնասիրություն կատարելու նպատակով, ժամանակավորապես կասեցվում են Թուրքիային տրված զենքի արտահանման արտոնագրերը»,- Twitter միկրոբլոգում այդ առնչությամբ գրել էր Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը: Մանրամասները՝ տեսանյութում: