Հայաստանը փորձում է ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի ԵՄ․ ՌԴ ԱԳՆ

28 Օգոստոսի 2026, 10:50

Քաղաքականություն

Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, առայժմ նվազագույն է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու փորձ, անշուշտ, կա», -ասել է Աղասանդյանը։

Միևնույն ժամանակ, դեպարտամենտի տնօրենը նշել է, որ այդ փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգության ապահովման ուղղությամբ արդյունավետ և համակարգված աշխատանք կազմակերպելու անհրաժեշտությունը։

«Եվրամիությունում նույնպես գործում են սանիտարական և բուսասանիտարական պահանջներ, որոնք թեև որոշ առումներով տարբերվում են մեր պահանջներից, սակայն Հայաստանից ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, առայժմ նվազագույն է»,- ընդգծել է նա։