ՀՀ-ի և ՌԴ-ի երիտասարդությունը պետք է առանցքային դեր ունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում․ Զախարովա

01 Սեպտեմբերի 2026, 13:31

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երիտասարդությունը կարող է հսկայական դեր ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ այս հարցին չէր ցանկանա մոտենալ բացառապես ազգային պատկանելության տեսանկյունից։

«Ես չէի ցանկանա դա բաժանել ըստ ազգության, քանի որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում իր դերը կարող է ունենալ թե՛ հայ, թե՛ ռուս երիտասարդությունը։ Ուստի եկեք խոսենք երկու երկրների երիտասարդության մասին»,- ասել է Զախարովան։

Զախարովան հավելել է, որ երիտասարդները կարող են դառնալ խաղաղ համակեցության, բարեկամության և ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առավել սերտ հարաբերությունների զարգացման կողմնակիցներ։ Նրա խոսքով՝ նման հարաբերությունների հիմքում ընկած են դարավոր պատմությունը, մշակութը, ինչպես նաև ընդհանուր ավանդական արժեքներն ու կրոնական հայացքների ընդհանրությունները։

Զախարովան ընդգծել է նաև ՌԴ-ի դերը հայերի կյանքեր խլած արյունալի հակամարտությունների կարգավորման գործում։

«Պետք է հիշել այդ մասին, և երիտասարդությունը նույնպես պետք է իմանա ու հիշի դա»,- ասել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է նաև հիշեցրել է նաև իրենց զինվորական պարտքը կատարած ռուս զինծառայողների մասին։

Դիվանագետի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների կարևորագույն ժամանակակից հիմքերից են նաև երկու երկրների ներկայացուցիչների միջև ստեղծված բազմաթիվ ընտանիքները։

«Դրանք հազարավոր մարդիկ են, եթե ոչ՝ հարյուր հազարավոր կամ նույնիսկ ավելի շատ, որոնք չեն կարող, չեն ցանկանում և չեն պատրաստվում ասել, թե իրենց համար մի երկիրն ավելի քիչ կարևոր է, իսկ մյուսը՝ ավելի կարևոր»,- ասել է նա։

Զախարովան հավելել է, որ շատ երիտասարդների համար ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ընտրության հարցն արհեստական է, քանի որ նրանց ընտանիքները, մշակութային կապերն ու անձնական պատմությունը սերտորեն կապված են երկու երկրների հետ։

«Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները, որոնք լավագույնն են, բառի ամենաբարձր իմաստով, բոլոր ուղղություններով»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը չի բխում երիտասարդության շահերից, քանի որ հենց այսօրվա սերնդին է վիճակված ապրել այն պայմաններում, որոնք ձևավորվում են այսօր։

Նրա խոսքով՝ երիտասարդները կարող են ամենատարբեր ձևերով նպաստել հայ-ռուսական կապերի ամրապնդմանը՝ սոցիալական ցանցերի, բիզնեսի, հասարակական գործունեության, ընտանիքների ստեղծման, քաղաքականության, դիվանագիտության և լրագրության միջոցով։

«Այն, թե ինչպիսին կլինեն մեր հարաբերությունները, որոշելու է նաև այն, թե ինչպիսին կլինի այսօրվա երիտասարդների ապագան։ Այս պայմաններում, այս մթնոլորտում ապրել են իրենք, ապրելու են նրանց երեխաները և ապագա սերունդները»,- նշել է դիվանագետը։

Հիմա եթերում