Գագիկ Խաչատրյանը մշտական խնամքի կարիք ունի, սակայն ամբողջ ընթացքում զրկված է եղել դրանից․ Երեմ Սարգսյան
02 Սեպտեմբերի 2026, 16:41
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ունի հաշմանդամության կարգ, որը պայմանավորված է հենաշարժողական համակարգի խնդիրներով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Միջնորդել ենք, որ նա բուժհաստատություն տեղափոխվի, և նիստերն անցկացվեն առանց նրա ներկայության։ Գագիկ Խաչատրյանը օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 7։30-ից հնարավորություն չուներ ո՛չ սնվելու, ո՛չ էլ բնական կարիքները հոգալու։ Նա ունի հաշմանդամության կարգ՝ հենաշարժողական համակարգի խնդիրներով պայմանավորված։
Նման խնդիրներ ունեցող անձինք պարտադիր պետք է օգտվեն հատուկ հարմարություններից։ Գագիկ Խաչատրյանը մշտական խնամքի կարիք ունի, սակայն այդ խնամքից նա ամբողջ ընթացքում զրկված է եղել»,- նշել է փաստաբանը։
Ըստ նրա՝ սա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է` մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքով։ Երեմ Սարգսյանի խոսքով՝ Խաչատրյանին տնից ՔԿ տեղափոխումն իրականացվել է բժշկական մի շարք խախտումներով։