Օվերչուկի ասածը ՀԿԵ-ի մասին չի արտահայտում այն մթնոլորտը, որն ունեցել է հարցի քննարկումը․ Փաշինյան

03 Սեպտեմբերի 2026, 13:31

Քաղաքականություն

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ՌԴ-ն Երևանից պաշտոնական հարցում չի ստացել ՀԿԵ-ի կոնցեսիան հանձնելու համար։

Արձագանքելով ՌԴ փոխվարչապետին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Օվերչուկի ասածը չի արտահայտում այն մթնոլորտը, որն ունեցել է հարցի քննարկումը։

«Կարծում եմ՝ Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ կա էդ ըմբռնումը, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կոնցեսիայի իրավունքի վաճառքն է երրորդ և Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի կողմի։ Ես կարծում եմ՝ դա լավագույն լուծումն է։ Մյուս տարբերակներն ինձ ուղղակի իրատեսական չեն թվում»,- ասել է Փաշինյանը` անդրադառնալով ՀԿԵ–ի խնդրին։