Գլենդելում ջրի սակագինը կարող է թանկանալ մինչև 145 տոկոս․ Գևորգ Գրիգորյան

08 Սեպտեմբերի 2026, 23:20

Տնտեսություն և Բիզնես

Գլենդելում ջրի սակագնի նախատեսվող բարձրացումը կարող է կազմել 50-ից մինչև 145 տոկոս։ «Alpha News»-ի տաղավարում այս մասին ասել է հասարակական-քաղաքական գործիչ Գևորգ Գրիգորյանը՝ ներկայացնելով Գլենդելի բնակիչների մտահոգությունն ու դրա դեմ իրականացվող նախաձեռնությունը։

Նրա խոսքով՝ Գլենդելի քաղաքային խորհուրդը վերջերս տեղի ունեցած նիստում ընդունել է ջրի սակագների բարձրացման վերաբերյալ որոշում։ Սակայն, ըստ նրա, Կալիֆոռնիայի օրենսդրությունը բնակիչներին թույլ է տալիս վիճարկել նման որոշումները։

«Մենք հիմա կանգնած ենք լուրջ խնդրի առաջ․ ջրամատակարարման սակագինը կարող է թանկանալ 50-ից մինչև 145 տոկոսով։ Սակայն Կալիֆոռնիայում գործում է օրենք, որը բնակիչներին թույլ է տալիս բողոքարկել նման որոշումները»,- նշել է Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ արդեն սկսվել է ստորագրահավաք։ Բնակիչներին առաջարկվում է լրացնել հատուկ ձևաթղթեր՝ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար։

«Մենք արդեն սկսել ենք բողոքի ակցիան և ստորագրություններ ենք հավաքում։ Մեր ձևաթուղթը հաստատում է, որ տվյալ անձը դեմ է սակագնի բարձրացմանը և միանում է մեր նախաձեռնությանը»,- հավելել է նա։