44-օրյա պատերազմի զեկույցում կան աղմկահարույց մատնանշումներ․ Գեղամ Մանուկյան
11 Սեպտեմբերի 2026, 13:17
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում առկա են բավականին հետաքրքրիր շերտեր և աղմկահարույց մատնանշումներ, որոնք հնարավորություն կտային հասարակությանն ավելի լայն բացել աչքերը Նիկոլ Փաշինյանի հայտարարած «48 միլիոն դոլարի մետաղի ջարդոնի» և այլ հարցերի շուրջ։ Սակայն գաղտնիության ռեժիմի պատճառով դրանք ենթակա չեն հրապարակման: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ գործընկերներին կոչ անելով առաջիկայում գաղտնիության թույլտվություն ստանալ և անձամբ ծանոթանալ փաստաթղթին:
«Իրականում գործընկերների հետ երկխոսությունը շատ հետաքրքիր է, հատկապես դահլիճում ներկա է մեր հանձնաժողովի փորձագետ, ԶՈւ-ի զորքերի նախկին հրամանատար, գնդապետ պարոն Ավետիսյանը, որը շատ բան ունի դրա մասին պատմելու, բայց բաց նիստում ցավոք չենք կարող։
Գործընկերներիս նաև կոչ կանեմ առաջիկայում գաղտնիության թույլտվություն ստանաք և այդպես էլ կյանք չստացած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթանաք։ Բավականին հետաքրքիր շերտեր կան, բավականին աղմկահարույց մատնանշումներ, որը գաղտնի է։ Ցավոք սրտի իրավունք չունեմ հրապարակել դրանք, հակառակ դեպքում մեր հասարակության աչքերն շատ ավելի լայն կբացվեին»,- ասել է նա։