Ռուսաստանն իր նախաձեռնությամբ չի խզի կապերը Հայաստանի հետ․ Դմիտրի Սուսլով

14 Սեպտեմբերի 2026, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցը, հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները, Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության հարցը, ինչպես նաև Ռուսաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ և Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացը։

«Հայ-ռուսական հարաբերություններում ներկայիս իրավիճակը կպահպանվի։ Փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե հասարակության կողմից լուրջ ճնշում գործադրվի Փաշինյանի կառավարության վրա։ Բանակցությունները ցույց տվեցին, որ Մոսկվան և Երևանը պատրաստ չեն փոխել իրենց դիրքորոշումները։

Ռուսաստանը պնդում է ռազմավարական կուրսի՝ ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Փաշինյանը հետաձգում է այդ որոշումը, և արդյունքում փակուղային իրավիճակը պահպանվում է։ Մոսկվան, իր հերթին, խուսափում է կտրուկ սրումից՝ համարելով, որ կապերը խզելն ավելի հեշտ է, քան դրանք վերականգնելը»,- ասել է Սուսլովը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը մտադիր չէ սեփական նախաձեռնությամբ դուրս բերել իր ռազմաբազան Հայաստանից, իսկ Պուտինը, ըստ էության, այդ որոշումը թողել է Երևանի վրա՝ հասկացնելով, որ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանին որևէ շահ չի տա։

«Կարծում եմ՝ Ռուսաստանն իրականում չի ցանկանում իր նախաձեռնությամբ դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, և Պուտինը նման որոշում ինքնուրույն չի կայացնի։ Նա, ըստ էության, այս հարցը հասցեագրել է Հայաստանի ղեկավարությանը՝ հասկացնելով, որ այս պահին Հայաստանն օբյեկտիվորեն ոչինչ չի շահի, եթե Ռուսաստանը դուրս բերի իր ռազմաբազան կամ եթե Հայաստանն ինքը պահանջի Ռուսաստանից այն դուրս բերել։

Որովհետև եթե Հայաստանը խզի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, որոնք դե յուրե շարունակում են գոյություն ունենալ, ապա ի՞նչ իրավիճակում կհայտնվի։ Հայաստանը որևէ այլ ռազմական դաշինքի անդամ չէ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռևս կարգավորված չեն․ չկա սահման, չկա խաղաղության պայմանագիր, անգամ սահմանազատման հարցում վերջնական համաձայնություն չկա։ Այս գործընթացը դեռ ավարտված չէ, ավելին՝ ես կասեի, որ այն գրեթե չի էլ սկսվել»,- ընդգծել է Սուսլովը։

Հիմա եթերում