Ալիևի վրեժխնդրության զգացումը չի անցնում․ Արթուր Խաչիկյան

15 Սեպտեմբերի 2026, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Ալիևի վրեժխնդրության զգացումը չի անցնում, նա անընդհատ խոսում է դրա մասին։ Սա նրա հին սպին է՝ Արցախի «օկուպացիան», ինչպես ինքն է ասում, և նա մինչև վերջ ուզում է վրեժ լուծել մեր ժողովրդից։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանն ու հասարակական տրամադրություններին՝ քաղաքագետը նշել է, որ միակողմանի զիջումները խաղաղություն չեն բերելու։

«Մեր կապիտուլյացիան և թշնամու առջև ծնկի գալը ներկայացնում են որպես խաղաղություն։ Ասում են՝ Արարատից հրաժարվե՛ք, Ցեղասպանությունից հրաժարվե՛ք, և ամեն ինչ լավ կլինի։ Բայց ամեն ինչ լավ չի լինելու, քանի որ նրանք գնալով ավելի ագրեսիվ են դառնում։ Ես երկար ժամանակ ասում էի, որ մինչև ընտրությունները նրանք այնպիսի հայտարարություններ չեն անի, որոնք կօգնեն իրենց թեկնածուին ընտրվել։ Դրանից հետո տեսնելու եք՝ դիմակը հանելու են և իրենց իսկական դեմքն են ցույց տալու»,- նշել է քաղաքագետը։

Խաչիկյանի խոսքով՝ տարածաշրջանում տեղի են ունենում ուժերի լուրջ վերադասավորումներ, որոնք լրացուցիչ ռիսկեր են պարունակում Հայաստանի համար։

«Մենք պետք է հաշվի առնենք, որ ընթանում է մեծ եվրասիական պատերազմ, և Միացյալ Նահանգների դիրքերը որոշ չափով թուլանում են այս տարածաշրջանում։ ԱՄՆ-ի թուլացումը մեր տարածաշրջանում նշանակում է, որ աճելու է Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, հնարավոր է նաև Ռուսաստանի և Իսրայելի դերը։ Ցավոք, Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը ընդհանուր շահեր ունեն՝ Հայաստանից այս տարածքը [Սյունիքը] խլելու և Իրանը մեկուսացնելու համար»,- ընդգծել է նա։

Քաղաքագետը խոսել է նաև Սփյուռքի դերի նվազեցմանն ու թիրախավորմանն ուղղված քայլերի մասին։

«Այսօր Սփյուռքը դարձել է թիրախ։ Պարզ ասում են՝ եթե Սփյուռքը ուժեղ լինի, մենք թույլ ենք լինելու․ ավելի լավ է՝ մենք ուժեղ լինենք, Սփյուռքը թուլանա։ Ես կոչ եմ անում սփյուռքահայերին, որոնք աջակցում են Հայաստանում գտնվող իրենց ընկերներին ու ընտանիքներին, հարցնել՝ արդյոք իրենք իրենց երկրորդական են համարում։ Եթե այո, ապա կարծում եմ՝ պետք է վերանայել այն միլիարդավոր դոլարների աջակցությունը, որն ուղղվում է Հայաստան»,- հավելել է Արթուր Խաչիկյանը։