Սաուդյան Արաբիան խոցել է Մեքքայի ուղղությամբ արձակված ԱԹՍ-ն

16 Սեպտեմբերի 2026, 12:40

Տնտեսություն և Բիզնես

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիների կողմից Մեքքայի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքը խոցվել և ոչնչացվել է։ Այս մասին հաղորդել է Al Jazeera-ն։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մամուլի խոսնակ Թուրկի ալ-Մալիքին հայտնել է, որ թագավորության ռազմաօդային ուժերը որսացել են անօդաչու թռչող սարքը՝ նախքան այն թռիչքների համար արգելված գոտի մտնելը։

Ալ-Մալիքին դատապարտել է միջադեպն՝ ընդգծելով, որ երկու սրբավայրերի և ուխտավորների անվտանգությունը «կարմիր գիծ» է։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան նախազգուշացում էր տարածել սրբազան Մեքքա քաղաքի անվտանգության վերաբերյալ։ Սա 2017 թվականից ի վեր հութիների կողմից քաղաքի ուղղությամբ հարված հասցնելու առաջին փորձն է։

Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին կտրականապես հերքել է այն պնդումը, թե իրենք սպառնալիք են ներկայացնում Մեքքա քաղաքի կամ իսլամական այլ սրբավայրերի համար։