Ե՞րբվանից Տիգրանաշենը դարձավ Քյարքի․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին
16 Սեպտեմբերի 2026, 21:10
Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում․ ձերբակալում է հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, համատարած ռեպրեսիաներ իրականացնում, իսկ վերջում ասում՝ «Գնացե՛ք, հեղափոխությո՛ւն արեք»։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Եթե անհանգստանալու որևէ բան չունեք, ի՞նչ խնդիր կա, որ այսօր ընդդիմադիր հիմնական ուժերի ղեկավարները կալանքի տակ չգտնվեն, քանի դեռ գործերը կարճված չեն։
Խոսեցիք թալանի վերադարձի մասին։ Կալանքի տակ գտնվող Հովիկ Աբրահամյանի տունը մի քանի ժամով հանվել է կալանքից, և մեկ այլ մարդ է գնել այն։ Այդպե՞ս եք թալանը վերադարձնում ժողովրդին․ այս դեպքում «ժողովուրդը» Նարեկ Նալբանդյա՞նն է։ Նույնը պատահել է նաև ձեր նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ ուժային կառույցի ղեկավարի տան հետ, որը հանել են ցանկից, և նրա որդին է գնել»,- նշել է պատգամավորը։
Պատգամավորի հարցին, թե երբվանից Տիգրանաշենը դարձավ Քյարքի, ՀՀ վարչապետը պատասխանել է․
«Նախընտրական շրջանում շատ հստակ, պարզ ու թափանցիկ խոսել եմ անկլավների խնդրի մասին․ այդ թեմայում որևէ նորություն չկա։ Մենք դրա մասին խոսել ենք և՛ Տավուշում, և՛ Ոսկեպարում, և՛ Կիրանցում»։