Այն, ինչ արգելված է Եվրոպայում և ԱՄՆ-ում, Հայաստանում հայտնվում է երեխաների ափսեներում․ Մնացականյան

17 Սեպտեմբերի 2026, 11:31

Հասարակություն

Պտուղ-բանջարեղենի նմուշների յուրաքանչյուր երկրորդում թունաքիմիկատների հայտնաբերման վերաբերյալ տվյալները մտահոգիչ են։ Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ նշելով, որ քաղաքացիները կարող են պաշտպանված չլինել թունաքիմիկատների ազդեցությունից։

«Սեպտեմբերի 15-ին «Անվտանգ սնունդ» հարթակը հրապարակել է մի նյութ, որի վերնագիրն ինքնին դատավճիռ է՝ «Թունաքիմիկատներ՝ պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդ նմուշում»։ Ոչ թե ամեն 103-րդ, ոչ թե ամեն 10-րդ, այլ՝ ամեն 2-րդ նմուշում։ Ուզում եմ՝ այս թիվը պատկերացնեք։ Սա ոնց որ վիճակախաղ խաղաս և միշտ պարտվես։ Այսպես ասած՝ պաշտպանված չենք թունաքիմիկատների ազդեցությունից»,- ասել է նա։

Հարություն Մնացականյանի նշել է, որ խոսքը պետական մոնիտորինգի արդյունքների մասին է, և այդ հարցը վերաբերում է բոլոր քաղաքացիներին՝ առանց բացառության։

«Այն, ինչ արգելված է Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոլդովայում, մեր երկրում մեր տարեց ծնողների և մեր երեխաների, ձեր երեխաների ափսեի մեջ է»,- նշել է պատգամավորը։