Ռուսաստանն ամեն ջանք գործադրում է Հայաստանի հետ հարաբերությունները պահպանելու համար․ Դմիտրի Բաբիչ

17 Սեպտեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Դմիտրի Բաբիչը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը։ Փորձագետի կարծիքով՝ Մոսկվան բոլոր ջանքերը գործադրում է՝ թույլ չտալու հարաբերությունների կտրուկ վատթարացում, սակայն չի կարող չնկատել Երևանի արտաքին քաղաքական ուղղությունը։

«Իհարկե, Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի թույլ չտա, այսպես ասած, հարաբերությունների կտրուկ վատթարացում։ Սակայն խնդիրն այն է, որ հայկական կողմը՝ առաջին հերթին Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել է հենց այդ տարբերակը։ Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը, կարծես թե, չնկատի Հայաստանի՝ հենց Եվրամիության և, ընդհանուր առմամբ, արևմտյան կառույցների ուղղությամբ որդեգրած կողմնորոշումը», — ասել է Բաբիչը։

Փորձագետի խոսքով՝ այսօր Մոսկվայի վերաբերմունքը Հայաստանի որդեգրած քաղաքական ուղղության նկատմամբ տարբերվում է 10-12 տարի առաջ եղած վերաբերմունքից՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունները։

«Գուցե 10-12 տարի առաջ նման իրավիճակը Ռուսաստանի համար ընդունելի լիներ։ Այն ժամանակ Ռուսաստանն ինքն էր ցանկանում նորմալ հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ, և չէր արգելում այլ երկրներին, նաև իր դաշնակիցներին, նման հարաբերություններ կառուցել։ Բայց այժմ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններն այնքան ծանր են և այնքան մոտ են հակամարտության, որ Ռուսաստանն այս պահին պարզապես չի կարող իրեն թույլ տալ, գուցե, ցավոք, չնկատել այն փաստը, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն իր ապագան կապում է Եվրամիության հետ», — ընդգծել է Բաբիչը։