Ջավախահայ գործիչները բաց նամակ են հղել Փաշինյանին՝ Սփյուռքի մասին նրա հայտարարությունների առնչությամբ
17 Սեպտեմբերի 2026, 19:44
Ջավախահայ մի խումբ հասարակական գործիչներ բաց նամակ են հրապարակել՝ արձագանքելով Հայաստանի իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական Սփյուռքի վերաբերյալ վերջին հայտարարություններին։
Նրանք անընդունելի և վիրավորական են համարել Սփյուռքի մասին այն ձևակերպումները, թե որքան ուժեղ է հայկական Սփյուռքը, այնքան ավելի թույլ է Հայաստանը, ինչպես նաև Փաշինյանի այն պնդումը, որ Սփյուռքի օգնությունը Հայաստանին հիմնականում արտահայտվել է «պատառոտված և հին հագուստի» տեսքով։
Նամակի հեղինակները նշել են, որ Ջավախահայությունը տասնամյակների ընթացքում էական նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և Արցախին, հատկապես Սպիտակի երկրաշարժի և Արցախյան գոյապայքարի տարիներին։ Նրանց փոխանցմամբ՝ հարյուրավոր ջավախահայ երիտասարդներ կամավոր մեկնել են ռազմաճակատ, իսկ շուրջ 230-ը զոհվել են։
Ջավախահայ գործիչները հայտարարել են, որ պատրաստ են ներկայացնել Հայաստանին ցուցաբերված օգնությունը փաստող փաստաթղթեր և ցուցակներ՝ ընդգծելով, որ այդ օգնության ծավալները անկախության տարիներին հաշվվում են միլիոններով։
Նամակում նրանք Փաշինյանից պահանջել են հրապարակայնորեն պարզաբանել իր հայտարարությունները, ներողություն խնդրել հայկական Սփյուռքից և հրաժարվել այնպիսի հռետորաբանությունից, որը հակադրում է Հայաստանն ու Սփյուռքը։
«Հայաստանն ու Սփյուռքը միմյանց հակադրվող կողմեր չեն։ Մենք մեկ ժողովրդի մասերն ենք», — ընդգծել են նամակի հեղինակները՝ հավելելով․ «Ջավախքը հիշում է։ Ջավախքը օգնել է։ Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը»։