Փաշինյանը զրոյական լծակ ունի Պուտինի հետ հարաբերություններում․ Բենիամին Մաթևոսյան
18 Սեպտեմբերի 2026, 21:30
Եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենար Արցախից իր պատճառով բռնի տեղահանված 120-150 հազար արցախցիներին, ժողովրդական լեզվով ասած, «ԿԳԲ-ի պատերի տակ» տեղավորելու, ապա բոլորին էլ այնտեղ կտեղավորեր։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Սա պետք է արձանագրել՝ հասկանալու համար, թե ինչու է այս մարդը նման սևեռվածություն դրսևորում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի և արցախահայերի նկատմամբ»,- նշել է Մաթևոսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումն ու կալանավորումը նույնպես ունեն հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ։
«Ռոբերտ Քոչարյանին կալանավորել են զուտ աշխարհաքաղաքական պատճառներով։ Նիկոլ Փաշինյանը հավատացած էր, որ Քոչարյանին կալանավորելով՝ հետագայում այդ փաստը կկարողանա օգտագործել որպես խաղաքարտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում»,- նշել է նա։
Ըստ Բենիամին Մաթևոսյանի՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է աննախադեպ դժվարին իրավիճակում, քանի որ զրկված է Ռուսաստանի Դաշնության վրա ազդելու որևէ գործիքակազմից։
«Նիկոլ Փաշինյանն իր կառավարման 8 տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ ՌԴ նախագահի հետ հարաբերություններում ազդելու զրոյական լծակներ ունի։ Նա կարող է դժգոհ լինել տարբեր քաղաքական գործիչներից և նրանց հետևից ԱԱԾ ուղարկել, բայց Ռուսաստանի նախագահի հետ հարաբերություններում զրկված է ԱԱԾ-ի գործոնից։ Դրանով են պայմանավորված նաև վերջին նյարդային պոռթկումները»,- հավելել է Մաթևոսյանը։