Հայաստանի եվրաինտեգրումը պատրանք է, ժամանակ ձգելն այլևս չի ստացվի․ Տրենին
18 Սեպտեմբերի 2026, 22:30
Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի (ՌՄՀԽ) նախագահ Դմիտրի Տրենինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները, Փաշինյանի՝ դեպի ԵՄ ձգտումը, Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանում, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։
«Հարցը Մոսկվային չի ուղղված․ նրա դիրքորոշումը հստակ ներկայացված է և չի փոխվելու, այլ ուղղված է Երևանին։ Հայաստանի վարչապետը պետք է կամ հաստատի Եվրոպայի և Արևմուտքի օգտին կատարած ընտրությունը, կամ վերանայի այն, կամ հրաժարվի դրանից։ Սակայն ես մոտ ապագայում նման որոշում չեմ ակնկալում։ Փաշինյանը ժամանակ է ձգելու, խոստումներ է տալու և գործելու է արդեն իսկ որդեգրած գծով։
Ռազմավարական առումով նրա կուրսն ուղղված է դեպի ԵՄ, իսկ մարտավարական մակարդակում նա փորձում է պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցությունից և Մոսկվայի հետ հարաբերություններից ստացվող առավելությունները։ Այս երկակի քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի, քանի որ Ռուսաստանը դա տեսնում է, և այդ մոտեցումը նրան չի գոհացնում։
Մոսկվան մինչև վերջ կփորձի պահպանել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները։ Փաշինյանի կողմից Արևմուտքից դեպի Ռուսաստան կտրուկ շրջադարձ չեմ ակնկալում․ նա ժամանակ է ձգելու, այնուհետև փորձելու է գտնել այլընտրանքներ, որոնք ամբողջությամբ գոյություն չունեն, և Ռուսաստանին մեղադրելու է Հայաստանի նկատմամբ կոշտ ու անարդար վերաբերմունքի մեջ։
ԵԱՏՄ-ի հեղինակությունը կտուժի, եթե կազմակերպությունը թույլ տա իրեն այդքան բացահայտ կերպով օգտագործել։ Պուտինի՝ Փաշինյանի ներկայությամբ հրապարակայնորեն հնչեցրած խոսքերից հետո այդ դիրքորոշումից հրաժարվելը քաղաքական առումով սխալ և կործանարար կլիներ թե՛ Կրեմլի, թե՛ ԵԱՏՄ-ի հեղինակության համար։
Ղազախստանը կամ մյուս երկրները դժվար թե ռիսկի դիմեն աջակցելու Փաշինյանին, քանի որ դա կհանգեցնի միության ներսում ճեղքերի առաջացման և կվնասի Ռուսաստանի հետ նրանց հարաբերություններին։ Հայաստանի վարչապետի հավակնությունների համար նրանք կարիք չունեն վտանգելու սեփական շահերը», — նշել է քաղաքագետը։