Խաղաղության ձգտելը չի նշանակում անարձագանք թողնել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը․ Արարատ Կոստանյան
18 Սեպտեմբերի 2026, 23:00
TRIPP նախագծի շուրջ քննարկումները մինչ այժմ ավելի շատ ընդհանուր ու իդեալիստական ձևակերպումների մակարդակում են եղել, քան հստակ իրականացման փուլում: Այս մասին «Alpha News»-ի տաղավարում նշել է միջազգայնագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Արարատ Կոստանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարություններին, որոնցում նա նշել է, թե TRIPP նախագծի ելքի և մուտքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում։
«Բայրամովի՝ վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ արած այս շեշտադրումը փորձ է ցույց տալու, թե Ադրբեջանն իբր առավելություն ունի, և նպատակ է հետապնդում առաջիկա հանդիպումներից առաջ Հայաստանի նկատմամբ ավելի ծանրակշիռ դիրք գրավել»,- նշել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գլխավորությամբ դիվանագետների այցին օկուպացված Արցախ, մասնավորապես՝ Գանձասարի ու Դադիվանքի հնագույն վանական համալիրներ, ինչպես նաև Հաջիևի հայտարարություններին, որոնցով ժխտվում է դրանց հայկական պատկանելիությունը՝ ներկայացվելով իբրև աղվանական, միջազգայնագետն ընդգծել է, որ նման հայտարարություններին ավելի կոշտ չարձագանքելու դեպքում երկարաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի արդյունավետ պայքարել։
«Խաղաղություն բոլորս էլ ցանկանում ենք, դա լոկ խոսք չէ, բայց խաղաղության ձգտելը չի նշանակում, որ պետք է անարձագանք թողնենք նման ագրեսիվ ու անբարո պահվածքը։ Սա մեզ համար փորձություն է՝ դառնալու գործոն և ճիշտ վարելու մեր ինքնության ու հայեցակարգերի պատերազմը»,- հավելել է նա։