Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր․ Արեգա Հովսեփյան

19 Սեպտեմբերի 2026, 16:49

Քաղաքականություն

Այսօր համազգային սգո օր է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր։ Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

«Արցախը նաև ամբողջ հայության հայրենիքն էր, հայության հպարտությունը և վերջին տասնամյակների,եթե ոչ՝ հարյուրամյակի, գլխավոր ձեռքբերումն ու հաղթանակը»,- նշել է նա:

Արեգա Հովսեփյանի խոսքով՝ ինքը Արցախը և արցախցիներին հիշում է միայն հաղթանակած և երբեք՝ ծնկած:

«Այսօր, այո՛, սուգ է,մենք հիշում ենք մեր հերոսների վերջին պատվո մարտը, որոնք մինչև վերջին փամփուշտը կանգնել են՝ պաշտպանելու հայրենիքը, որովհետև թիկունքում իրենց ընտանիքներն էին, արդեն նահանջի տեղ չկար։ Մենք եկել ենք այստեղ նրանց հիշելու, ասելու, որ ինչ էլ ասեն որոշ մարդիկ՝ ներսից կամ դրսից, մենք նրանց պարտական ենք, և մենք իրենց հիշողությունը միշտ վառ ենք պահելու»,- ասել է նա։