ԱՄՆ-ը Հայաստանը դիտարկում է որպես Իրանի վրա ճնշում գործադրելու լծակ․ Մալեկ Դուդակով
21 Սեպտեմբերի 2026, 21:30
Քաղաքագետ, ամերիկագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ի զրույցում անդրադարձել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ ամերիկյան վարչակազմի հղած շնորհավորանքին, ինչպես նաև Վաշինգտոնի հայտարարություններին Հայաստանում նախատեսվող խոշոր տնտեսական ծրագրերի վերաբերյալ։
Փորձագետի խոսքով՝ չնայած Հայաստանում իրականացվելիք ծրագրերի մասին ԱՄՆ-ի բարձրագոչ հայտարարություններին՝ վերջին մեկ տարվա ընթացքում ո՛չ նշանակալի ներդրումներ են կատարվել, ո՛չ էլ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայություն է հաստատվել։
«Ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ, ամերիկյան վարչակազմը Հայաստանի կառավարությանը Անկախության օրվա առթիվ ուղարկել է բավականին սովորական շնորհավորանք։ Միաժամանակ կրկին խոսվում է խոշոր տնտեսական նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ճանապարհի» մասին, որը պետք է անցնի Հայաստանի հարավային հատվածով։ Սակայն արդեն մեկ տարի է, ինչ քննարկվում է այդ նախագիծը, և մենք այդ ընթացքում որևէ հստակություն այդպես էլ չտեսանք։
Չկա ո՛չ ամերիկյան զինված ուժերի կամ մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր ներկայության մասին որևէ զարգացում, որոնք կարող էին այս տարածաշրջանում ազդել ուժերի դասավորության և հավասարակշռության վրա, ո՛չ էլ ամերիկյան խոշոր ներդրումների որևէ նշան»,- ասել է Դուդակովը։
Փորձագետը նշել է, որ ներկայումս Վաշինգտոնի՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությամբ։ Ամերիկյան կողմը շահագրգռված է Թեհրանի, ինչպես նաև Մոսկվայի հետ Երևանի համագործակցության կրճատմամբ, սակայն Հայաստանին համարժեք այլընտրանքներ չի առաջարկում։
«Ակնհայտ է, որ այժմ ամերիկյան վարչակազմը Հայաստանն ավելի շուտ դիտարկում է որպես ևս մեկ գործիք Իրանի դեմ իր լայնածավալ հակամարտության շրջանակում։ Նրանք փորձում են մեկուսացնել Իրանին և ակտիվորեն աշխատել Իրանի հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ նրա առանցքային առևտրային գործընկերների հետ։ Հասկանալի է, որ Հայաստանն ակտիվ առևտուր է իրականացնում Իրանի հետ։
Այժմ ամերիկացիները պարզապես ցանկանում են, որպեսզի Հայաստանը կրճատի Իրանի, և, կարծում եմ, նաև Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Սակայն դրա դիմաց որևէ բան չեն առաջարկում։ Ամերիկացիների կողմից խոստացված բոլոր նախագծերը՝ լինի դա փոքր մոդուլային ատոմակայանների կառուցումը, թե այլ ծրագրեր, առայժմ մնում են թղթի վրա»,- ընդգծել է Դուդակովը։